e-guillotine

Գյուղատնտեսության ոլորտ

ԱՆՏԱՌԱՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է hանել անտառօգտագործման պայմանագիրը և անտառային տոմսը՝ նպատակ ունենալով վերացնել գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով և խթանելու փոքր բիզնեսին՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար:

Առաջարկվում է հանել բնափայտ մթերելիս պայմանագրի կնքման պարտադրությունը, բացառությամբ՝ արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի պայմանագրի դեպքից՝  պարզեցնելու և կրճատելու բնափայտի մթերման համար իրավունքի ստացման գործող գործընթացը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 72-րդ հոդվածը, որով սահմանվում են նախազգուշացում և տուգանքներ արգելված կամ առանց անտառատոմսերի ոչ բնափայտային անտառաօգտագործման համար:

Առաջարկվում է ՀՀ-ում արտադրվող և օգտագործվող տոհմանյութի հավաստագրման պարտադիր պահանջը հանել և դարձնել կամավոր հիմունքներով՝ տնտեսավարողների հայեցողությամբ: 

Առաջարկվում է հավաստագրման ժամկետը սահմանել, հիմք ընդունելով հավաստագրվող տոհմանյութի տեսակը՝ ելնելով դրա որակական հատկանիշներից ու պահպանման առանձնահատկություններից՝ ի նկատի ունենալով, որ ոչ համապատասխան ժամկետները կարող են առաջացնել տնտեսավարողների համար ավելորդ հավաստագրման պահանջի հետ կապված ծախսեր: 

Առաջարկվում է հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերից հանել արտադրողի կողմից տրվող տոհմանյութի ծագման հավաստագիրը, քանի որ դրանում պարունակովող տեղեկատվությունը արդեն իսկ առկա է մեկ այլ պահանջվող փաստաթղթում՝ տոհմային քարտում:

Առաջարկվում է հստակեցնել հավաստագրի՝ հայտատուին տրամադրման ժամկետը: Նախկինում ժամկետ սահմանված չէր:

ՍԵՐՄԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել սերմերի որոշ տեսակների պարտադիր հավաստագրման պահանջը:

Առաջարկվում է սահմանել չհավաստագրվող սերմերի իրացման հնարավորություն՝ սերմերի որակը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

Առաջարկվում է Լիազոր մարմնի կողմից իրականացնել տրամադրված հավաստագրերի հաշվառում:

Առաջարկվում է գրանցամատյանում հավաստագրված սերմեր արտադրողներին, ներկրողներին և արտահանողներին հաշվառել առանց դիմումների՝ լիազոր մարմնում առկա տեղեկատվության հիման վրա:

Առաջարկվում է հիբրիդային սերմերի փորձարկումներն իրականացնել  սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշում ընդունելուց հետո 4 ամսվա ընթացքում:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  սորտի հանումը օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկից, եթե այն գրանցելուց 10 տարի հետո սորտի նոր պետական փորձարկումներ անցկացնելու համար հայտ չի ներկայացվել:

Առաջարկվում է հստակեցնել  կամ կրճատել բույսերի սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների հայտի փորձաքննությունների  ժամկետները:

Առաջարկվում է վկայագիրն ապրոբատորին տրամադրել անժամկետ՝ սահմանելով 3 տարին մեկ անգամ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անվճար կազմակերպվող վերապատրաստամն դասընթացներին պարտադիր մասնակցության պահանջ:

Առաջարկվում է վկայագիրը տրամադրել գրավոր քննության արդյունքների հիման վրա:

Առաջարկվում է սահմանել հավատարմագրման հայտարարության հրապարակման և հավատարմագրման անցկացման ժամկետներ, հավատարմագրմանը մասնակցելու համար ներկայացվող դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ, դրանց ներկայացման ժամկետ և այլն:

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս՝ գործող 3 ամսվա փոխարեն:

Առաջարկվում է հստակեցնել  կամ կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների  ժամկետները:

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՍԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին:

Առաջարկվում է սահմանել սերտիֆիկացման մարմնի կողմից գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացվող տեղեկատվության ցանկ:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիզենզավորման պահանջը փոխարինել համապատասխան գործունեություն իրականանցնելու համար միայն նախնական ծանուցում ներկայացնելու պահանջով:

Առաջարկվում է հանել գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը ներկայացնելու պահանջը:

Առաջարկվում է հանել մասնագիտական կրթության մասին դիպլոմի և աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենները ներկայացնելու պահանջները:

Առաջարկվում է սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիազոր մարմնում հաշվառման կարգ:

Առաջարկվում է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիզենզավորման պահանջը փոխարինել համապատասխան գործունեություն իրականանցնելու համար միայն նախնական ծանուցում ներկայացնելու պահանջով:

Առաջարկվում է հանել գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը ներկայացնելու պահանջը:

Առաջարկվում է թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիզենզավորման պահանջը փոխարինել համապատասխան գործունեություն իրականանցնելու համար միայն նախնական ծանուցում ներկայացնելու պահանջով:

Առաջարկվում է հանել արտադրության քիմիական և տեխնոլոգիական հսկման լաբորատորիայի առկայության մասին հայտարարություն ներկայացնելու պահանջը: 

Առաջարկվում է հանել գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը ներկայացնելու պահանջը:

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է ՀՀ-ում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը իրականցնել առանց` ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին և առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության և կրթության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունների:

Առաջարկվում է հանել գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճեններ ներկայացնելու պահանջը:

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է Եվրոպական միության անդամ որևէ երկրում, Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում կամ Իսրայելում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարել առանց լաբորատոր փորձաքննության՝ հայտատուից պահանջելով միայն տվյալ երկրում գրանցման հավաստագրի պատճենը: