e-guillotine

Մշակույթի ոլորտ

 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 20.04.2002թ. ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 438 որոշմամբ սահմանված դրույթների կատարումը ապահովելու համար, առաջարկում ենք ընդունել այս ենթաոլորտի առանձին գործընթացները կարգավորող մի շարք նորմատիվ ակտեր: Մասնավորապես.

Ընդունել ՀՀ կառավարության որոշում, որը կսահմանի  հուշարձանների պետական ցուցակում կոնկրետ հուշարձանը ընդգրկելու կամ ցանկից հանելու ընթացակարգ: 

Ընդունել ՀՀ կառավարության որոշում, որում կսահմանվի պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող պատմամշակութային հուշարձանների  մրցութային կարգով օգտագործման հանձնելու ընթացակարգը:

Ընդունել ՀՀ կառավարության որոշում, որը կսահմանի  մասնավոր  սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները  սեփականատիրոջ կողմից օգտագործման հանձնելիս կնքվող օգտագործման պայմանագրի համաձայնեցման ընթացակարգը: 

Ընդունել ՀՀ  կառավարության որոշում, որը կսահմանի պատմության և հուշարձանի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքերի իրականացման թույլտվության տրամադրման ընթացակարգը:

Առաջարկում ենք ներքոհիշյալ 3 բիզնես գործընթացների՝ 
1. մշակույթի նախարարության կողմից պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներ կատարելու թույլտվություն տրամադրում, 
2. մշակույթի նախարարության կողմից նշված աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում, 
3. մշակույթի նախարարության կողմից հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, վերակառուցման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ համաձայնության կամ մասնագիտական եզրակացության տրամադրում,

համար կիրառել «մեկ պատուհանի» սկզբունքը: Այսինքն՝ դրանք  ներառել ՀՀ տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող  շինարարական և կառուցապատման թույլտվությունների բիզնես գործընթացներում՝  ընթացակարգային քայլերի տեսքով: Այլ խոսքով ասված՝ նախաձեռնող անձը կդիմի մեկ մարմին՝ (տարածքային կառավարման մարմին), որն ինքը կստանա պահանջվող համաձայնեցումները ՀՀ մշակույթի նախարարությունից: