e-guillotine

Մաքսային ոլորտ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը սահմանել 300 հազ. դրամ՝ այսօր գործող 150 հազ. դրամի փոխարեն: 
Առաջարկվում է հանել ՀՀ մաքսային օրենսգրքով ֆիզիկական անձանց համար նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում մեկ անգամ օգտվելու սահմանափակումը՝ քաղաքացիների ուղեբեռի և միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրումների համար կիրառելով միայն քաշային և արժեքային սահմանափակումները:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Ուժը կորցրած է ճանաչվել Որոշման հավելվածի «ձև 1» մաքսային վճարների արտոնության վերաբերյալ կտրոնը, ինչպես նաև նշված կտրոնի լրացմանը և մաքսային մարմիններին վերադարձմանը վերաբերող դրույթները, քանի որ ժամկետային սահմանափակման վերացման դեպքում վերանում է նաև թույլատրելի քաշը և արժեքը չգերազանցող առաքանիների հասցեատերերի անձնագրային տվյալների հաշվառման անհրաժեշտությունը: 

Փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցողների վրայից հանվել է առաքանիների հասցեատերերի ցանկը և անձնագրային տվյալները մաքսային մարմիններին ներկայացնելու պահանջը:
«ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 256-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «ՀՀ եւ ասիական զարգացման բանկի միջեւ կնքված մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 312-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2012 թվականի «Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակներում նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» հունիսի 22-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, ՀՀ կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «ՀՀ եւ եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

Առաջարկվում է սահմանել, որ Համաձայնագրերով նախատեսված գործողությունների շրջանակներում ՀՀ տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀՀ ապրանքների ներմուծման, ՀՀ-ում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում լրացնում են արտոնությունների կիարառման վերաբերյալ տեղեկանքը, որը կարող է ներբեռնվել լիազոր մարմնի պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով: Գործող կարգով տեղեկանքները պետք է ձեռք բերվեին մի դեպքում պետական միջոցների հաշվին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվող արտոնությունները), մյուս բոլոր դեպքերում սեփական միջոցների հաշվին (մեկ տեղեկանքների փաթեթի արժեքը մոտ 15000 դրամ):

Առաջարկվում է սահմանել, որ ապրանքների ներմուծման դեպքում արտոնությունից օգտվող անձը լրացնում է տեղեկանքը, ստորագրում և անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ-ը կարող է մերժել արտոնության կիրառումը տեղեկանքի՝ համաձայնագրին կամ գործողության բյուջեին անհամապատասխանության դեպքում կամ ներկայացված այլ փաստաթղթերի ՀՀ օրենսդրությանը անհամապատասխանության դեպքում (օրինակ՝ բեռնագիրը կամ հայտարարագիրը սխալ լրացված լինի): Մերժման հիմքերի բացակայության դեպքում ՊԵԿ-ը անհապաղ, բայց ոչ ուշ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին արտոնություններ կիրառելու մասին, ինչի մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին:

Առաջարկվում է սահմանել, որ տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:

«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «ՀՀ պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Սահմանային որոշ մաքսատներում եւ մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու, մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 02/1490 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրամանի նախագծեր

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, համաձայն որի  Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար և մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարատուին տրամադրել անվճար՝ հաշվի առնելով, որ հայտարարատուն արդեն իսկ վճարում է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ մաքսավճարը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հրամանի այն դրույթները, որոնք վերաբերում են մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերին: Մասնավորապես՝ հրամանով սահմանված է մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի հետևյալ ցանկը՝
1. Բեռների մաքսային հայտարարագիր 
2. Փոխադրման ամփոփագիր 
3. Մաքսային վճարների բյուջե փոխանցման հանձնարարական
4. Ավտոտրանսպորտային միջոցները պետավտոտեսչությունում մշտական և ժամանակավոր հաշվառման վերցնելու համար տրվող հատուկ ձևեր:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 200-Ն հրամանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրամանի նախագիծ

Առաջարկվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաշարերի հետ տեղադրել նաև վերջիններիս պատասխանները:

Առաջարկվում է սահմանել քննութանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի հանձման փոստային և էլեկտրոնային եղանակ, իսկ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի մուտքի ծածկագրերի տրամադրումը որակավորում ստացած անձանց իրականացնել որակավորման վկայականի տրամադրման հետ միաժամանակ, ինչի արդյունքում կկրճատվի գործընթացի ընթացքում ՊԵԿ կատարվող այցերի քանակը:

«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Առաջարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսային գործի հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հանել հետևյալ փաստաթղթերը՝
1. հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.
2. տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին:

Տարանջատել մաքսային օրենսգրքի իմաստով բաց և փակ տիպի կազմակերպությունների համար սահմանված պայմանները՝ փակ տիպի կազմակերպությունների հիմնադրման համար սահմանելով ավելի հեշտացված պայմաններ:

«ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը, այդ լիցենզիաների հայտերի ձեւերը հաստատելու եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Առաջարկվում է լիցենզավորման կարգերից հանել հետևյալ փաստաթղթերի ներկայացման պահանջը՝
1. պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.
2. հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).
3. նախատեսված տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).
4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
5. պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.
6. հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.
7. գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:

Մաքսային պահեստի կամ մաքսային հսկողության տարածքի լիցենզիայի համար դիմող անձը լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները: Առաջարկվում է ահմանել, որ լիցենզիայի համար դիմող անձը նշված փաստաթղթերը ներկայացնի լիցենզիա ստանալուց հետո, բայց համապատասխան գործունեությունը սկսելուց առաջ: 

Առաջարկվում է անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգից հանել անվտանգության ծառայություն և պահնորդաազդանշանային համակարգ ունենալու պահանջը, քանի որ նշված խանութները տեղակայված են օդանավակայանների ստերիլ գոտիներում և մաքսային հսկողության սահմանային գոտիներում՝ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության ներքո:

«ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 

Արտաքին մուտքը TWM համակարգ ներկայումս կատարվում է բացառապես առանձնացված կապուղու միջոցով TWM համակարգի սերվերին միանալու եղանակով: Առանձնացված կապուղին տրամադրվում է ինտերնետ ծառայություններ մատակարարող  ընկերությունների կողմից՝ ամսական վճարի դիմաց: Առաջարկվում է ինտերնետի միջոցով արտաքին մուտքի հնարավորություն ստեղծել մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգի օգտատերերի համար և օրենսդրորեն ամրագրել նշված եղանակով մուտքի հնարավորությունը: