e-guillotine

Կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտ

Առաջարկվում է հանել լիցենզավորման պահանջը կրթական բոլոր ծրագրերի համար և այն փոխարինել կրթական գործունեություն սկսելու վերաբերյալ համապատասխան ծանուցմամբ,
1. հրապարակել կրթական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ պայմանները և պահանջները  ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում,
2. սահմանել, որ ՀՀ ԿԳՆ իրավասու է դադարեցնել կրթական հաստատության գործունեությունը, եթե  վերջինիս կողմից չպահպանվեն սահմանված պայմանները և պահանջները:

Առաջարկվում է ուսուցիչներին և տնօրեններին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության գործընթացում ներառել գնային կոմպոնենտ:

Առաջարկվում է հանել ուսումնական հաստատության տնօրենի հավաստագիր ստանալու համար անցկացվող  քննությանը մասնակցելու համար պահանջվող պարտադիր     վերապատրաստման պահանջը,  սահմանել, որ անձն ինքն է որոշում՝ քննություն տալու համար օգտվել վերապատրաստման հնարավորությունից, թե ՀՀ ԿԳՆ  կողմից հրապարակվող հարցաշարի հիման վրա ինքուրույն պատրաստվել այդ  քննությանը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պատվերի անվճար ուսուցմամբ ընդունված ուսանողներին պայմանագրային հիմունքներով աշխատատեղերով ապահովելու մասին դրույթները: 

Առաջարկվում է սահմանել, որ ԿԳՆ-ը վարում է տրամադրված դիպլոմների էլեկտրոնային բազա, որից անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել բոլոր շահագրգիռ անձինք:

Առաջարկվում է սահմանել, որ միջպետական համաձայնագրերով օտարերկրյա բուհերում սովորելու համար մրցույթի  մասնակիցների ցանկը պետք է նախապես հրապարակվի ԿԳՆ պաշտոնական կայքում, սահմանել, որ մրցույթում հաղթած անձանց ցուցակը ԿԳՆ-ի առաջարկությամբ հաստատում է ՀՀ կառավարությունը, որը հրապարակվում է ԿԳՆ պաշտոնական կայքում:

Առաջարկվում է`
1. Գիտությունների դոկտորի և գիտությունների թեկնածուի գիտական աստիճաններն ինտեգրել մեկ գիտական աստիճանում՝ այն սահմանելով որպես Բոլոնիայի գործընթացի երրորդ մակարդակի աստիճան՝ «դոկտորական աստիճան»: Նախատեսել, որ նախկինում գործող գիտությունների թեկնածուն կվերաորակավորվի իբրև «դոկտոր»` նախկին գիտությունների թեկնածուի փախարեն և «գիտությունների դոկտոր»` պահպանելով նախկին գիտությունների դոկտորի գիտական աստիճանը:

2. Ներկայիս «ասպիրանտի» ծրագրով իրականացվող մասնագիտական կրթությունը, ինչպես նաև «դոկտորանտի» ծրագիրը վերափոխել «դոկտորանտի» ծրագրով իրականացվող մասնագիտական կրթության: 

3. Դոկտորանտ և ասպիրանտ հասկացությունները փոխարինել դոկտորանտով: Հետազոտողի որակավորման աստիճանը փոխարինել դոկտորի  որակավորման աստիճանով: Դադարեցնել ներկայիս համակարգով դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները: 

4. Սահմանել, որ գիտական աստիճաններն ու կոչումները պետք է շնորհվեն ՀՀ ԿԳՆ կողմից դոկտորական կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից, որոնք պետք է ունենան սեփական գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդներ: 

5. Սահմանել, որ ատենախոսությունների թեմաների հաստատումը, դրանց պաշտպանության կազմակերպումը, մասնագիտական խորհուրդների գործունեությունը իրագործվում են ՀՀ ԿԳՆ կողմից դոկտորական կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից՝ ինքնուրույն: 

6. Սահմանել, որ գիտական աստիճանները և կոչումներն ամրագրող սեփական նմուշի դիպլոմների (վկայագրերի) տրամադրումը իրագործում են ՀՀ ԿԳՆ կողմից դոկտորական կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից: 

7. Անվավեր ճանաչել ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետներին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում եռամյա աշխատանքի տեղավորման պահանջը: