e-guillotine

Ձեռնարկատիրության ոլորտ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է`
1. անհատական և ընդհանուր թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով ներկայիս համապատասխանաբար 2 և 3 տարի ժամկետի փոխարեն:

2. մեկանգամյա թույլտվությունները տրամադրել 1 տարի ժամկետով: Գործող կարգով ժամկետ սահմանված չէ:

Առաջարկվում է հանել արտահանող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջը՝ այն փոխարինելով սուբյեկտների կողմից համապատասխան փաստաթղթերի 5 տարվա ընթացքում պահպանման:

Առաջարկվում է սահմանել թույլտվության կրկնօրինակի տրամադրման կարգ: 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար (առաջարկվում է թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով) գանձվող պետական տուրքը սահմանել բազային տուրքի 30-ապատիկի չափով՝ ներկայումս գործող համապատասխանաբար 20-ապատիկի (2 տարի ժամկետով թույլտվության համար) և 30-ապատիկի (3 տարի ժամկետով թույլտվության համար) չափով:

«ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 924-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների՝ երկակի նշանակության ապրանքների ու երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների ցանկերին պատկանելու կասկածի դեպքում դրանց փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ:

««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցների կողմից գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերը  և դրանց բոլոր փոփոխությունները կիրարկումից առնվազն 20 օր առաջ հրապարակելու պահանջը: 

«ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1608-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է սահմանել, որ գովազդի թույլտվությունը տրամադրվում է առավելագույնը 5 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան հայտատուին տրամադրված դեղերի արտադրության, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

Առաջարկվում է սահմանել, որ թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու և(կամ) զանգվածային լրատվության միջոցի տեսակի լրացման կամ փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը կարող է ներկայացնել հայտ, որից հետո նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վերաձևակերպված գովազդի թույլտվությունը:

Առաջարկվում է սահմանել հայտի ձևը: 

Առաջարկվում է սահմանել, որ թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տեղեկացնում է թույլտվության մեջ նշված զանգվածային տեղեկատվության միջոցներին և գովազդի թույլտվության տրամադրման մասին հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկատվությունը տեղադրում է նախարարության կայքում, որի նպատակն է ուժը կորցրած ճանաչված թույլտվություններով գովազդի տարածումից խուսափելը:  

««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզավորվող գործունեությունը փոխարինել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցմամբ:
Առաջարկվում է՝

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածգագրին դասվող օղու ներմուծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման պահանջները և լիցենզիաների կարգերը ուժը կորցրած ճանաչել՝ փոխարենը ներդնելով գործունեություն իրականացնելու համար նախնական ծանուցում ներկայացնելու ընթացակարգերը, ինչի կապակցությամբ առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.
- սահմանել ծանուցման ձև, որը հնարավորություն կտա համապատասխան գործունեության մասին լիազոր մարմնին ծանուցել միայն անձի տվյալները լրացնելու միջոցով: 
- սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիազոր մարմնում հաշվառման կարգ: 
- սահմանել, որ ծանուցում ներկայացրած անձի հաշվառումը կարող է մերժվել միայն ծանուցվող գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքը չվճարելու հիմքով: Մնացած բոլոր դեպքերում պետական լիազոր մարմինը պարտավոր է ծանուցում ներկայացրած անձին հաշվառել:   
- Հանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին՝ տվյալ եռամսյակի ընթացքում առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացումը: 

2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու ծանուցումը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, ի տարբերություն գործող կարգի, երբ լիցենզավորումն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Առաջարկը կապված է այն հանգամանքի հետ, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորումը և հսկողությունը հիմնականում կապված է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հետ: Հաշվի առնելով, որ այդ բնագավառում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ֆինանասների նախարարությունը, ապա առավել նպատակահարմար է ծանուցումը ևս ներկայացնել ՀՀ ֆինանասների նախարարություն:

3. Ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող՝ բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, ինչը կարող է խոչընդոտ առաջացնել այն անձանց համար ովքեր (օր. ուսանողները) ցանկություն են հայտնում կարճաժամկետ (սեզոնային) աշխատանք իրականացնել:

4. Հանել պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ապրանքատեսակի գնապիտակի ստորագրման պահանջը, ինչը գտնում ենք աննպատակահարմար է և ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսավարողի համար: Ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացի հանման «ժամի» նշված լինելու պահանջը փոխարինել «օրվա» նշման պահանջով, քանի որ գործող տեսքով պահանջի պատշաճ կատարումը հնարավոր չէ վերահսկել:

5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու, ինչպես նաև առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից լիազոր մարմին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքից արդեն հանվել են նման պահանջները:

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն՝ նախատեսելով անձի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու համար ծանուցման ինստիտուտի ներդրումը:

7. Կատարել համապատասխան փոփոխություններ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում՝ սահմանելով պետական տուրք առևտրի իրականացման վայրի կազմակերպման, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածգագրին դասվող օղու ներմուծման գործունեությամբ զբաղվելու ծանուցում ներկայացրած անձնաց հաշվառելու համար: Ընդ որում պետական տուրքի չափերը մնում են նույնը, ինչ լիցենզավորման դեպքում:

8. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում սահմանել ծանուցման ենթակա գործունեությունը առանց ծանուցման իրականացնելու համար պատասխանատվություն:

««Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է՝

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման պահանջները և լիցենզիաների կարգերը ուժը կորցրած ճանաչել՝ փոխարենը ներդնելով գործունեություն իրականացնելու համար նախնական ծանուցում ներկայացնելու ընթացակարգերը, ինչի կապակցությամբ առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.
- սահմանել ծանուցման ձև, որը հնարավորություն կտա համապատասխան գործունեության մասին լիազոր մարմնին ծանուցել միայն անձի տվյալները լրացնելու միջոցով: 
- սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիազոր մարմնում հաշվառման կարգ: 
- սահմանել, որ ծանուցում ներկայացրած անձի հաշվառումը կարող է մերժվել միայն ծանուցվող գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքը չվճարելու հիմքով: Մնացած բոլոր դեպքերում պետական լիազոր մարմինը պարտավոր է ծանուցում ներկայացրած անձին հաշվառել:   

2. Կատարել համապատասխան փոփոխություններ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում՝ սահմանելով պետական տուրք թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու ծանուցում ներկայացրած անձնաց հաշվառելու համար: Ընդ որում պետական տուրքի չափերը մնում են նույնը, ինչ լիցենզավորման դեպքում:

««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է օրենքով նախատեսված ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկի համար սահմանված մեկ տարի  ժամկետը փոխարինել  երկու տարի ժամկետով:

««Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եվ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ 2010թ. հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքը: Օրենքով ակնհայտորեն չի ապահովվում հեղինակային և/կամ հարակից իրավունքների պաշտպանությունը, հեղինակային իրավունքների պաշտպանության առումով ստեղծվում է ոչ հավասար պայմաններ տեղական և օտարերկրյա սուբյեկտների համար, բացի այդ տվյալ շուկայի առանձնահատկություններից է համացանցում պահանջվող ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը առցանց օգտագործելու և դրանք ներբեռնելու հնարավորությունը, հետևաբար՝ դրա հետ կապված դիտվում է շուկայում տվյալ արտադրանքի մասնաբաժնի նվազեցման միտում:

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է իրականացնել ապրանքային նշանների գրանցման, գրանցման երկարաձգման և առնչվող մի շարք բիզնես գործընթացների ժամկետների կրճատում, մասնավորապես.

ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման գործընթացը իրականացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,

ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցման գործընթացը իրականացնել 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,

ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման և ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում գրանցելու համար սահմանել 10 աշխատանքայի օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,

ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար սահմանել 10 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,

ապրանքային նշանի վկայագրի, վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա և 10 օրվա փոխարեն,

հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված մեկ ամսվա փոխարեն,

Գործակալության կողմից ապրանքային նշաններին առնչվող որևէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանել 1 աշխատաքային օր և փոստով՝ 3  աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է իրականացնել օրենքով սահմանված  մի շարք բիզնես գործընթացների ժամկետների կրճատում, մասնավորապես՝

վկայագրի ստացման, ինչպես նաև վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա և 10 օրվա փոխարեն:

««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է օրենքում հստակեցնել և կրճատել ժամկետները: Օրենքով կարգավորվում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները, սակայն օրենքում հստակ սահմանված չեն գործընթացի ժամկետները և հնարավոր է օրենքով կարգավորվող բիզնես գործընթացների մի մասը իրականացնել ավելի կարճ ժամկետներում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1501-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատելու մասին» 1501-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշ գործընթացների իրականացման համար սահմանել ավելի կարճ ժամկետներ, մասնավորապես՝  բողոքների և դիմումների քննարկման համար սահմանել 33 աշխատանքային օր, ներկայումս սահմանված համապատասխանաբար երկամսյա և եռամսյա ժամկետների փոխարեն:

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է օրենքում սահմանել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի ստացման կարգը՝ նույնականացման քարտ ունենալու և նույնականացման քարտ չունենալու դեպքում, հավաստագրի դադարեցման և կասեցման հիմքերը:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է օրենքում հստակեցնել ժամկետները և քայլերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կարգը, սակայն օրենքում հստակ սահմանված չեն գործընթացի քայլերի բոլոր ժամկետները: