e-guillotine

Կառավարությունը հաստատել է տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջարկների փաթեթը

2013.03.28
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է տրանսպորտի ոլորտում բարեփոխումների փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Համաձայն փաթեթի՝ առաջարկվում է Երևան քաղաքից դուրս մեկ պատուհանի սկզբունքով լիցենզավորման գործընթացներում փաստաթղթերի ներկայացման և ստացման կարգ:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման ոլորտում ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ: 

Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ուղևորափոխադրումների իրականացման ժամանակ առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը՝ հետևյալ տրամաբանությամբ՝ Երևան քաղաքում ամսական՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 34-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 120-ապատիկի չափով: Այլ քաղաքներում գումարն ավելի քիչ է: Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սա նաև հնարավորություն կտա հարկային հաշվետվություններ չներկայացնել, ինչը կազատի վարորդներին՝ նման ծառայություններ մատուցողներին 3000 դրամ վճարելուց:

Կազմակերպությունների համար սահմանվում է լիցենզիայի պետական տուրք՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան 25.000 դրամ մինչև 8 մեքենա, իսկ 8-ից ավելը՝ 200.000 դրամ: Սա հնարավորություն կտա խուսափել տուրքի կտրուկ աճից:

Հստակեցվել է տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:

Հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը և փոխարենը սահմանվել է ինքնակպչուն կտրոններ, ինչը շուկա մտնող նոր բիզնեսին կազատի 17.000 դրամ կատարվող պետական տուրքի վճարումից:

Հանվել են ամենօրյա բուժզննման և տրանսպորտային միջոցի տեխզննման պահանջները, հավաքակայան ունենալու պահանջը: Սա հնարավորություն կտա կրճատել կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև նախկինում համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու համար միջնորդ կազմակերպություններին կատարվող վճարումները, ինչը շուկայում մոտավորապես կազմում է ամսական 10.000-15.000 դրամ:

Հստակեցվել է լիզենզիայի տրման գործընթացը, էականորեն կրճատվել են լիցենզիայի տրման ժամկետները՝ նախկին 30 օրվա փոխարեն լիցենզիան կտրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում և տաքսի գործունեություն իրականացնողները կշփվեն միայն մեկ պետական մարմնի հետ:

Այսպիսով յուրաքանչյուր մեքենայի հաշվարկով տաքսի գործունեություն իրականացնողները կխնայեն ամսական 10.000-15.000 դրամ (բուժզննման, տեխզննման, հավաքակայանի, հարկային հաշվետվության ներկայացման պահանջների վերացում): Հաշվի առնելով, որ այսօր շուկայում առկա է մոտ 10.000 տաքսի՝ տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ:

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում հստակեցվել է ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը: Լիցենզավորևման պահանջը դուրս է եկել:

Գործող լիցենզիայի տուրքի փոխարեն առաջարկվում է երթուղու սպասարկման տուրք, ինչը կհանգեցնի բյուջեի եկամուտների ավելացման տարեկան 20 մլն. դրամի չափով:

Սահմանվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման նախապատվության իրավունքը պատկանում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող օպերատորին: 

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել են նաև լրացուցիչ չափանիշներ սպառողների շահերի տեսանկյունից, օրինակ հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված ավտոբուսներ 1-10 ավտոբուսի դեպքում՝ առնվազն մեկ հաշմանդամների համար վերասարքավորված ավտոբուսի հաշվարկով, միջմարզային (այդ թվում Երևան քաղաքից դեպի այլ մարզ) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթներին մասնակցության ժամանակ, եթե երթուղու սկզբնակետի և վերջնակետի միջև ընկած հեռավորությունը գերազանցում է 50կմ-ը, մրցույթին մասնակցող ավտոբուսները պետք է կահավորված լինեն օդորակիչով և այլն:

Բեռնափոխադրումների ոլորտում հստակեցվել է տարբեր տեսակի բեռների փոխադրումների համար տրվող լիզենզիաների և թույլտվությունների տրամադրման կարգերը: Էականորեն կրճատվել է լիցենզավորման համար պահանջվող փաստաթղթերը:

Համաձայն առաջարկի՝ անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացվեն մինչև լիցենզավորված գործունեության իրականացումը սկսելուց 5 աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: 

Թույլտվություն տվող մարմինները թույլտվություն տալուց հետո այն հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հնարավորության դեպքում այն ուղարկում են նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարիններին էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը կտա հնարավորություն համապատասխան մարմինների միջև ապահովել վարչարարությունը առանց անձի մասնակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները