e-guillotine

Մարզի բնակիչները հանդիպում են` քննարկելու առաջընթացին խոչընդոտող օրենքները

2013.06.03
Հայաստանի հյուսիսային քաղաքներից մեկում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիներն հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող օրենսդրական խնդիրների մասին և առաջարկեցին «գիլիոտինի» ենթարկել մի շարք իրավական ակտեր: 

2011-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ առաջիկա մի քանի օրերին «Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցություն է կազմակերպում, որը մեկնարկեց ուրբաթ՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Իջևան քաղաքից:

«Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն ուղղված է Երևանից դուրս բնակվող շահառուներին և դրա նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին կարգավորիչ գիլիոտին ծրագիրը ներկայացնել, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաև վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի օգնական Վարշա Ռեդկար-Պալեպուն ասում է, որ այլ երկրներում այս ծրագրի հաջող իրականացումից ՀՆԱ-ի 3-4 տոկոս աճ է գրանցվել: «Այս ծրագիրը կարևոր է նրանով, որ շուրջ 20.000 իրավական ակտեր պետք է վերանայի և ենթարկի գիլիոտինի, բացի այդ, օգնելու է փոքր բիզնեսներին իրենց գործունեությունն իրականացնել ավելի քիչ ժամանակ ծախսելով և գումար խնայելով»,- ասում է Ռեդկար-Պալեպուն:

Քննարկման առաջին մասում Տավուշում գործող ՀԿ-ների և բիզնես հանրության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» և e-Guillotine բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանը, այնուհետև ավելի քան 50 մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ քննարկեցին հարկային և մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի և համայնքային զարգացման խնդիրները և ներկայացրեցին ազգային կենտրոնին՝ իրավական դաշտի վերանայման և բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:

Իջևանում համայնքային հիմնախնդիրներով զբաղվող «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանն ասում է, որ մարզում տեղի ունեցած տարբեր հանրային քննարկումների ժամանակ շատերը դեմ են արտահայտվել գազի ներտնային սպասարկման վճարներին և պահանջում են, որ վճարը հաշվեն այցերով և ոչ պարտադիր:

Տավուշի մարզի Գանձաքարի գյուղապետարանի աշխատակցի կարծիքով էլ գյուղատնտեսության ոլորտի հաշվետվությունները ծավալուն են և ավելորդ տեղեկատվություն են պարունակում, ուստի առաջարկում է այն պարզեցնել, ինչպես նաև, ըստ նրա՝ հարկավոր է դյուրացնել նաև համայնքի տարածքում անձնական բնակարանային շինարարության թույլտվության տրամադրումը:

Քննարկման ընթացքում եղան նաև առաջարկներ, որ բացառվեն հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները, քանի որ դրանք խանգարում են բիզնես միավորների աշխատանքի ծրագրմանը, զարգացմանը, ինչպես նաև կառավարմանը: Առաջարկվեց նաև վերանայել փոքր, միջին բիզնեսների համար շրջանառության հարկի շեմը՝ հաշվի առնելով, որ գործող տոկոսադրույքը նորմալ շահութաբերություն չի ապահովում, ինչպես նաև նորաստեղծ փոքր և միջին բիզնեսի համար առնվազն առաջին 6 ամսում հարկային բեռի թեթևացում, որն անհրաժեշտ է բիզնեսի կայացման համար:

Բարձրացվեցին նաև կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման սկզբնական գործընթացում հայտեր չլինելու պատճառով մրցույթների չկայացման հետևանքով ծագած (գյուղ-քաղաք տրանսպորտային կապի բացակայություն), ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող նպաստների խնդիրներ:

Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորում է մարզում նման քննարկումները և կարծում, որ դրանց ժամանակ արժեքավոր առաջարկություններ են արվում: 

«Հույս ունեմ, որ այս հանդիպումները հետագայում ավելի կապակենտրոնացվեն, կգնան դեպի հեռավոր գյուղեր, որպեսզի կարողանանք մարդկանց մասնակից դարձնել այս քննարկումներին: Կարծում եմ` հետագայում ավելի շատ հարցեր կբարձրացվեն»,- ասում է Սարգսյանը:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» փորձագետ Հասմիկ Մանուկյանն ասում է, որ տավուշցիների հայտնած խնդիրներն իրենք էլ էին նկատել նախնական ուսումնասիրությունների ընթացքում:

«Կարևոր էր, որ մենք հենց տեղում լսեցինք այն բոլոր թերությունների ու բարդությունների մասին, որ նրանք իրենց առօրյա կյանքում հանդիպում են: Բարձրացված բոլորը հարցերը հրատապ էին ու իրական և կարտահայտվեն մեր աշխատանքում»,- ասում է փորձագետը:

Առաջիկա 10 օրերին քննարկում-խորհրդակցություններ են անցկացվելու նաև Գյումրի, Եղեգնաձոր, Կապան և Վանաձոր քաղաքներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները