e-guillotine

Գավառում առկա խնդիրները ներկայացվեցին Գիլյոտինի ուշադրությանը

2013.08.16
Oգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հակակոռուպցիոն կենտրոնում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը եւ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հակակոռուպցիոն կենտրոնը:

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն ուղղված է Երեւանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին եւս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: 

Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը, ինչպես նաեւ e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանը: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները՝ Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմաերպությունների եւ բիզնես հանրության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ խմբերի բաժանված, քննարկեցին եւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին ներկայացրեցին հարկային եւ մաքսային, ձեռնարկատիրության եւ համայնքային զարգացման ոլորտներում առկա խնդիրները՝ իրավական դաշտի վերանայման եւ բարեփոխման գործընթացում հաշվի առնելու նպատակով:

Նախորդ ամիսներին ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվել Իջեւանում (Տավուշի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ), Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ), Կապանում (Սյունիքի մարզ) եւ Վանաձորում (Լոռու մարզ): Արդյունքում վերոնշյալ մարզերում գործող բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ տարածքային ինքնակառավարման մարմինների շուրջ 400 ներկայացուցիչներ իրավական դաշտում փոփոխությունների ավելի քան 150 առաջարկ են ներկայացրել, որոնք արժանացել են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ուշադրությանը եւ դիտարկվում են օրենսդրական գիլյոտինի գործարկման ընթացքում:

Գավառում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հետեւյալ հարցերը բարձրացվեցին.

Ձեռնարկատիրություն, հարկային եւ մաքսային հարաբերություններ
1. ՀԴՄ-ների սպասարկման համար նախատեսված ամենամսյա վճարների  հիմնավորում և խափանված ՀԴՄ-ների՝ տեղում վերանորոգման հնարավորություն:

2. Ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված խնդիրներ (առաջարկվում էր, որպեզի պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հնարավորություն ընձեռի իր վեբ կայքում ծանոթանալու ներմուծվող մեքենենարի մաքսազերծման գների հետ):

3. Առևտրի ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների իրազեկվացության բարձրացում:

4. Ջրամատակարարման եւ ոռոգման հետ կապված խնդիրների իրավական լուծումներ:


Համայնքային զարգացում
1. Նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից իրականացվող, անձնագրային եւ պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին կամ ըստ հնարավորությունների՝ դրանց իրականացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2. Գյուղական համայանքներում բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ շինարարական թույլտվությունների ստացման գործընթացի պարզեցում եւ հնարավորինս մատչելի տուրքերով տրամադրում:

3. Գյուղական համայքներում հողերի նպատակային նշանակության փոփոխման պարզեցված կարգի սահմանում:

4. Գյուղական համայքներում հողերի կադաստրային արժեքից ցածր գներով հողերի օտարում բնակելի տների կառուցման համար:

5. Անձի անվան և ազգանվան հետ կապված սխալ գրառումների ուղղում պարզեցված կարգով եւ անվճար՝ այն հիմնավորմամբ, որ սխալի մեղավորը ֆիզիկական անձը չէ:

6. Մահացած մարդու ավտոմեքենայի՝ հաշվառումից հանելու պարզեցված ընթացակարգի սահմանում, քանի որ հակառակ պարագայում հաճախ հաշվառումից չեն հանվում նման ավտոմեքենաները, ինչը հանգեցնում է ավելորդ գույքահարկի ձեւավորման:

7. Մինչև 7 տարեկան երեխաներին տրամադրվող անվճար բուժօգնության դեպքում ուղեգրի ստացման պահանջի վերացում, քանի որ հաճախ մարզերում ուղեգրի ստացումը բավականին բարդ  գործընթաց է լինում:

8. Մինչև 7 տարեկան երեխաներին տրամադրվող անվճար բուժօգնության տրամադրման ժամանակ անձի կողմից համապատասխան բուժհաստատության ընտրության հնարավորություն, մեկ համայնքի բնակչի կողմից մեկ այլ համայքնի բուժհաստատությունից օգտվելու դեպքում վճարների բացառում, քանի որ հաճախ ոչ բոլոր համայնքների բուժհաստատություններն են հագեցած համապատասխան սարքավորումներով և մասնագետներով:

9. Երեխայի խնամքի նպաստի տրամադրում բոլոր մայրերին՝ անկախ աշխատելու հանգամանքից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները