e-guillotine

«Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը 50%–ով կկրճատի Հայաստանում գործառնական ծախսերը

ԱՌԿԱ լրատվական գործակալություն

2013.09.27
«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի հաջող կիրառումը թույլ կտա Հայաստանում մի քանի միլիարդ դրամ տնտեսել, ուրբաթ լրագրողներին հայտնեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի  (ՕԿԱԿ) տնօրեն Արմեն Եղիազարյանը։ 

«Բացի այդ, ծրագիրը թույլ կտա 50-60 տոկոսով կրճատել ընկերությունների և մասնավոր ձեռնարկությունների գործառնական ծախսերը»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։ 

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի հիմնական նպատակը թղթաբանության ծավալի կրճատումն է, բոլոր ոլորտներում ծառայությունների լրացուցիչ ծախսերի կրճատումը, ինչպես նաև բիզնես–գործընթացների օպտիմալացումը։ 

Հայտնելով, որ տվյալ պահին ծրագրի շրջանակներում սոցիալական ոլորտի փաստաթղթերի ծավալի կրճատման աշխատանքներ են տարվում, մասնավորապես, նշեց, որ ծրագրվում է էապես կրճատել քաղաքացիներից կենսաթոշակի անցնելիս պահանջվող փաստաթղթերի թիվը։ 

Հայաստանում Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին ընդգծեց տվյալ ծրագրի կարևորությունը, բայց չմեկնաբանեց դրա արդյունքները։ «Առայժմ վաղ է խոսել հաջողությունների մասին, քանի որ ծրագիրը դեռ ավարտված չէ»,– ավելացրեց նա։ 

ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC / USAID) խմբի ղեկավար Ջոն Դոունսը նշեց, որ այդ ծրագրի իրականացումը թույլ կտա թարմացնել օրենսդրական ոլորտը` հեռացնելով հնացած իրավական ակտերը, որոնք ստեղծում են խոչընդոտները և լրացուցիչ բեռնվածություն երկրի բիզնեսի վրա։ 

2011 թվականի նոյեմբերին միջազգային դոնորական կազմակերպությունները և կառավարությունը Հայաստանում «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի օգնությամբ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման մտադրությունների մասին նամակ են ստորագրել։ 

Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի հեղինակ Սքոթ Յակոբսը նախօրեին նշեց, որ առաջիկա երկու տարիներին «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում կվերանայվի 2500 օրենսդրական ակտ և 326 բիզնես–գործընթաց։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները