e-guillotine

Շուտով կմեկնարկի «Կանոնակարգիչ գիլյոտինը»

Ստորագրվել է մտադրությունների մասին նամակը

2011.11.03 ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ ստորագրվել է մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից` գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` գրասենյակի գործող տնօրեն Կարել Հոֆստրանը, Համաշխարհային բանկի կողմից` ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Միջազգային դոնոր կազմակերպությունների շարքում է նաեւ Ավստրիայի զարգացման գործակալությունը, որի տարածաշրջանային համակարգողը ներկա չէր ստորագրման արարողությանը, սակայն գործակալության գործադիր տնօրեն Բրիգիտե Օփփինգեր-Վալխսհոֆերը նամակ էր հղել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշված էր. «Մեր համագործակցության համար այս ծրագիրը կարեւոր քայլ կլինի բարեփոխումների գործընթացում, որը նշանակալիորեն կբարելավի կարգավորիչ ոլորտը եւ, մասնավորապես, գործարար միջավայրը Հայաստանում: Վստահ ենք, որ դոնոր կոնսորցիումի հետ համագործակցությունը կաջակցի բարեփոխումների գործընթացի արդյունավետությանը»:
Մտադրությունների մասին նամակով միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետությունում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը եւ էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը եւ պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաեւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ  ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները