e-guillotine

Մեկնարկել է գործարար միջավայրի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը

2014.06.02
Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկեց գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացների շարք՝ Հայաստանի նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար:

Եռօրյա դասընթացի նպատակն է խրախուսել Հայաստանի նախարարությունների ներգրավումը ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում: Մասնակիցները կծանոթանան ընթացիկ բարեփոխումների գործընթացին և առաջիկա ծրագրերին, կուսումնասիրեն կանոնակարգման վերանայման գործընթացը, ծախսերի գնահատումը և Հայաստանի համար ծրագրի կարևորությունը: Մասնակիցները կծանոթանան նաև բիզնես միջավայրում կարգավորման ամենատարածված սխալներինև կանոնակարգիչ գործունեությունում խորհրդակցության լավագույն փորձին:

«Կանոնակարգիչ և օրենսդիր դաշտի վերանայման և բարեփոխման երկարատև գործընթացը չափազանց կարևոր է», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Տոմաշ Դեմբսկին: «Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կվերափոխվի շոշափելի ներդրման մարդկանց կյանքում՝ դարձնելով գործարար միջավայրը առավել բարենպաստ և բաց տնտեսական զարգացման համար»:

«Յակոբս, Կորդովա և ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսը նշեց. «Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով և ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից: Օրենքի մեկ պարբերություն կարող է սպանել մի ամբողջ զարգացող արդյունաբերություն, ուստի կարևոր է, որ կարգավորման պատասխանատուները ողջ կառավարությունում  հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները և օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»:

Նա հավելեց, որ այս դասընթացը Հայաստանում ընթացիկ ազգային կանոնակարգիչ բարեփոխումների համար նախադրյալներ կտրամադրի և նախարարություններին կօգնի շարունակել լավ կանոնակարգերի միջոցով իրենց աջակցությունը՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և հայ երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը նշեց. «Կարգավորիչ գիլյոտինը բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր: Նախարարությունները և պետական գերատեսչությունները՝ որպես կիրարկող մարմին, կարևորագույն գործընկերներ են մեզ համար: Մեծապես կարևոր է գործակցել՝ վերանայելու իրավական համակարգը և ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ: Կարծում եմ, որ դասընթացների շարքը կտեղափոխի մեր համագործակցությունը դեպի նոր, ավելի գործակցային մակարդակ»:

Հայաստանում բարենպաստ տնտեսական կառավարման խթանումը «Կարգավորիչ գիլյոտին»-ի ծրագրի նպատակն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Ծրագրի դոնորներն են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Համաշխարհային բանկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները