e-guillotine

Ի գիտություն գործատուների. Առաջարկվում է դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը

2014.06.24
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող բարեփոխումների առաջարկներով:

Մասնավորապես առաջարկվում է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը: Աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները կպահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով: Նաև առաջարկվում է հանել գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը:

Նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստում աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջի դադարեցման առաջարկը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից:

Գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրության վերացումն էլ, առաջարկի հեղինակների հիմնավորմամբ, կկրճատի թղթատարությունը եւ դրա հետ կապված ծախսերը:

Ծախսեր են կրճատվում նաեւ՝ վերացնելով գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը ցուցատախտակների վրա փակցնելու եւ 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները