e-guillotine

ՀՀ կառավարությունում ստորագրվել է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի աջակցությունը շարունակելու դրամաշնորհային համաձայնագիր

2014.09.25
ՀՀ կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանի կառավարության և Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ԱԶԳ-ի կողմից` գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը: 

Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։

Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարության և Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի անունից շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին՝ Կարգավորիչ գիլյոտին ծրագրին՝ ստեղծման առաջին օրվանից աջակցելու համար: Դավիթ Հարությունյանը կարևորել է ԱԶԳ-ի, իբրև ծրագրի հիմնական դոնորի, աննախադեպ՝ ավելի քան 1մլն եվրո աջակցությունը։ 

ԱԶԳ գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերն իր հերթին կարևորել է Կարգավորիչ գիլյոտինի գործունեությունը՝ Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումների համատեքստում։ «Մենք վստահ ենք, որ երկրորդ փուլը հիմնովին կնպաստի վարչարարության կրճատմանը և կստեղծի ծառայությունների ժամանակակից մոդելներ մաքսային, կառուցապատման և մի շարք այլ ոլորոտներում։ Այսպիսի բարենպաստ միջավայրը կխթանի ներդրումների ներգրավումը, ինչն էլ իր հերթին կբարելավի քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է Մարտին Լեդոլտերը։ 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները