e-guillotine

Ներկայացվեց սոցիալական երկխոսության եւ համագործակցության եվրոպական մոդելը

2014.10.10
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը  ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) համատեղ աջակցությամբ իրականացրեց գործնական դասընթաց՝ ներկայացնելու եվրոպական երկրներում սոցիալական երկխոսության եւ համագործակցության մոդելը, եւ այդ համատեքսում քննարկելու Հայաստանում իրականացվող կարգավորիչ բարեփոխումները: Եվրոպական փորձը պետական մարմինների եւ բիզնես կառույցների ներկայացուցիչներին էր փոխանցում Ավստրիայի Ֆեդերալ աշխատանքային պալատի Աշխատանքային շուկայի եւ ներգրավման քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Գերնոտ Միտտերը: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը կարեւորեց եվրոպական հաջողված մոդելի ներկայացումը: «Կարգավորիչ գիլյոտինն օրենսդրական առաջարկներ ներկայացնելիս բացի տարբեր շահառուների հետ քննարկումներից եւ համագործակցությունից ուսումնասիրում է նաեւ միջազգային փորձը: Այս միջոցառումն այդ նպատակին ուղղված քայլերից մեկն է: Մենք հետագայում եւս կշարունակենք այսօրինակ աշխատանքները եւ այսօրվա միջոցառման մասնակիցների հետ հետագայում մեր առաջարկները ձեւավորելիս եւ կառավարությանը ներկայացնելիս անպայման հաշվի կառնենք սոցիալական երկխոսության եվրոպական փորձը», - ասաց Արմեն Եղիազարյանը:

«Սոցիալական երկխոսությունը նպաստում է օրենսդրական արդյունավետ կարգավորումներ ունենալուն եւ կառավարության ու Ազգային ժողովի որոշումների ընդունման բարձր մակարդակին: Ավստրիական փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է արդյունավետ գործող սոցիալական երկխոսությունն աջակցել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը եւ բարելավել հասարակության կենսամակարդակը: Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները Հայաստանի հետագա զարգացման վրա դրական ազդեցություն կունենան: Հայաստանը մրցակցային կարեւոր առանձնահատկություն ունի՝ ուսյալ եւ ներգրավված քաղաքացիներ: Այս հարստությունը հարկավոր է օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման: Գործարարների եւ աշխատանքային կազմակերպությունների ներգրավումը հանրային որոշումների կայացման գործընթացում այս ներուժն օգտագործելու ուղղություններից մեկն է», - ասաց Ավստրիայի Ֆեդերալ աշխատանքային պալատի Աշխատանքային շուկայի եւ ներգրավման քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Գերնոտ Միտտերը:

«ԵԱՀԿ-ն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսությունը եւ համագործակցությունը: Այս երկխոսությունն անհրաժեշտ է՝ երկրի խնդիրները հասկանալու եւ առանձնակի կարեւորները լուծելու համար: Այս պատճառով ուրախ ենք, որ աջակցում ենք այս քննարկմանը», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Տոմաշ Դեմբսկին:

Գործնական դասընթացի երկրորդ օրը նվիրված կլինի սոցիալական երկխոսության ավստրիական փորձի ներկայացմանը: Ավստրիայի Ֆեդերալ աշխատանքային պալատի ներկայացուցիչը կխոսի Ավստրիայում այս ոլորտում գործող կառույցների, իրենց առջեւ դրված խնդիրների եւ լուծման նախընտրելի ուղիների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները