e-guillotine

Մեկնարկեց գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական կարգավորումների քննարկմանը նվիրված խորհրդակցությունը

2014.12.05
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի եւ Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ այսօր Դիլիջանում մեկնարկեց ՀՀ գյուղատնտեսության բնագավառում օրենսդրական կարգավորումներին նվիրված եռօրյա սեմինար-խորհրդակցությունը, որի նպատակն է Կարգավորիչ գիլյոտինի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկել ոլորտի շահառու կողմերի հետ: 

Հանդիպմանը մասնակցում էր գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տեղական, ինչպես նաև միջազգային ֆինանսական եւ հասարակական կազմակերպությունների ավելի քան վաթսուն ներկայացուցիչ:
Բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Նորա Ալաքանյանը եւ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը:

«Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով մեր երկրում մի շարք քայլեր են ձեռնարկվում, որոնք արդյունավետ իրականացնելու ճանապարհին կարեւոր է իրավական դաշտի կատարելությունը, - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: - Այսօր մեկ սեղանի շուրջ են հավաքվել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը՝ օրենսդրական հարցերը քննարկելու եւ առաջին հայացքից չերեւացող խնդիրները վերհանելու նպատակով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կստեղծենք բարեփոխումների առաջարկների փաթեթ, որը Կարգավորիչ գիլյոտինի միջոցով կներկայացվի կառավարությանը եւ կնպաստի մեր երկրում իրավական դաշտի բարեփոխմանը»:

«ԵԱՀԿ-ն աշխատում է տնտեսական-բնապահպանական անվտանգության ուղղությամբ, և մենք հավատացած ենք, որ ՀՀ պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի շահագրգիռ կողմերի հետ մեր համատեղ աշխատանքը կծառայի ավելի արդյունավետ կառավարման խթանմանը եւ  հասարակության շահերին», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը Ավստրիական զարգացման գործակալության առաջնահերթություններից է, եւ այս համատեքստում մենք Հայաստանում մի շարք ծրագրեր ենք իրականացնում: ԱԶԳ-ն՝ որպես հիմնական դոնորներից մեկը, աջակցում է Կարգավորիչ գիյլոտին ծրագրին 2011թ.-ից՝ դրա մեկնարկից ի վեր՝ նպատակ ունենալով զարգացնել ազգային մրցունակությունը՝ բարելավելով Հայաստանի կարգավորիչ քաղաքականությունը եւ դրա գործիքները եւ նպաստել շուկայական հարաբերությունների զարգացմանը: Այս կարեւոր ծրագրի առանցքային նպատակներից մեկն այն է, որ այս հսկայական բարեփոխուման արդյունքում շահեն գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության ոլորտները, որտեղ ներգրավված է Հայաստանի բնակչության կեսը», ասաց Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Նորա Ալանաքյանը:  

Սեմինար խորհրդակցությանը կքննարկվեն կոոպերատիվների վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումների, Հայաստանում տոհմային կենդանիների հաշվառման, նույնականացման և տոհմանյութի հավաստագրման, սերմերի շուկայի, անտառօգտագործման օրենսդրական կարգավորումների, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքների և նյութերի վաճառքի և արտադրության  լիցենզավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման եւ արտահանում հետ կապված հարցեր, կներկայացվի միջազգային փորձը եւ համեմատական վերլուծություն կարվի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները