e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցնել անտառօգտագործման ընթացակարգերը

2015.02.02
Հայաստանում անտառային օրենսդրությամբ պետական եւ համայնքային անտառներում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաեւ մեղվանոցների, փեթակների տեղադրում՝ մինչեւ մեկ տարի ժամկետով՝ կողմնակի անտառօգտագործման պայմանագրի եւ անտառային տոմսի հիման վրա: 

Այս հիմքով քաղաքացիները, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները իրավունք են ստանում առանց հողի վարձակալության օգտվել անտառային պաշարներից՝ մթերվող բերքի դիմաց նախօրոք դիմելով եւ ստանալով անտառային տոմս եւ վճարելով համապատասխան բնօգտագործման վճար: Ընդ որում, ոչ պայմանագրի կնքման, եւ ոչ էլ անտառային տոմսի տրամադրման ժամկետներ իրավական ակտերում սահմանված չեն: Բացի այդ, Օրենսգրքով քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որեւէ թույլտվության, անտառներում հավաքել անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ եւ բույսեր՝ առանց սահմանափակման: Սակայն Օրենսգրքի այլ հոդվածով անտառօգտագործողներին թույլատրվում է իրականացնել միայն անտառօգտագործման այն տեսակները եւ միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում: 

Պարզ չէ, թե ինչպես է այս նորմը իրականում կիրառվում թույլտվություն չպահանջվող անտառօգտագործողների նկատմամբ: Այստեղից հետեւում է, որ ֆիզիկական անձանց անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ: 

Ավելին, Կարգավորիչ գիլյոտինի շրջանակներում իրականացված հարցումներից պարզ է դարձել, որ 2013-2014թթ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից  այս տեսակի կողմնակի անտառօգտագործման պայմանագրեր ընդհնարապես չեն կնքվել եւ, բնականաբար, համապատասխան անտառային տոմսեր դուրս չեն գրվել:

Այսինքն, բացի ֆիզիկական անձանցից, անտառօգտագոծման այս իրավունքը չի տրամադրվել նաեւ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին, ինչը վկայում է տվյալ  կարգավորող նորմի աննպատակահարմարության մասին:

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է հանել կամ ուժը կորցրած ճանաչել կողմնակի անտառօգտագործման տեսակներից՝ ոչ բնափայտային անտառօգտագործման իրավունքը կարգավորող դրույթները, մասնավորապես՝ անտառային տոմսի եւ պայմանագրի պարտադրությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները