e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցնել անշարժ գույքի հետ կապված գործարքների գործընթացը

2015.02.05
Այսօր օրենսդրությամբ չի պահանջվում նոտարական վավերացում անշարժ գույքի միայն այն գործարքների համար, որոնք սահմանվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան: Իսկ եթե պայմանագրերի օրինակելի ձեւերից անգամ մեկ բառով շեղում է կատարվում, ապա այդ գործարքը պետք է նոտարի կողմից վավերացվի:

Մյուս կողմից անշարժ գույքի նկատմամբ անձի իրավունքները հաշվառում եւ ստորագրության իսկությունը ճանաչում է կադաստրը: Հաշվի առնելով, որ նոտարական վավերացումը անհրաժեշտ է անձի իսկությունը հաստատելու համար, կարելի է փաստել, որ տեղի է ունենում գործառույթների կրկնապատկում: Բացի այդ, նոտարական վավերացումը նաեւ ֆինանսական բեռ է հանդիսանում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է անշարժ գույքի հետ կապված գործարքների նոտարական վավերացումը դարձնել ոչ պարտադիր անգամ այն դեպքում, երբ պայմանագիրը տարբերվում է հաստատված օրինակելի ձեւերից:

Ի դեպ, նման դեպքերում նոտարական վավերացում չի պահանջվում Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Հունգարիայում, Իսլանդիայում եւ մի շարք այլ երկրներում: Հարկ է նշել նաեւ, որ սկանդինավյան երկրների փորձը համարվում է ամենաարդյունավետը, եւ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի ոլորտում բարեփոխումների իրականացման ժամանակ հաշվի է առնվել Շվեդիայի փորձը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները