e-guillotine

Սերմերի փորձարկում եւ հավաստագրում՝ կամավոր սկզբունքով

2015.02.09
Գյուղատնտեսության զարգացման համար բարձրորակ սերմերի առկայությունը կարեւորագույն գործոններից է, ինչի համար էլ պետությունները շուկայի օրենսդրական կարգավորման միջոցով պաշտպանում են սերմ արտադրողների եւ սպառողների շահերը:

Մեր երկրում կարելի է օգտագործել եւ բազմացնել այն բույսերը, որոնք անցել են տնտեսական օգտակարության պետական փորձարկում եւ գրանցվել օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում: Դրա համար անհրաժեշտ է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն դիմել համապատասխան հայտով, սորտի նկարագրությամբ եւ 10-օրյա ժամկետում ստանալ պատասխանը: Եթե որոշվում է փորձարկում կատարել, ապա այն իրականացվում է 2 տարի անընդմեջ: Ի դեպ, փորձարկման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարով:

Փաստորեն, պետական փորձարկման պարտադիր պահանջը մի կողմից պաշտպանում է գնորդին ցածրորակ սերմ գնելու ռիսկից, սակայն մյուս կողմից դանդաղեցնում է նոր տեսակների ներմուծումն ու տարածումը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է վերոնշյալ նորմը դարձնել կամավոր, ինչի արդյունքում տնտեսավարողները կկարողանան առանց սահմանափակումների ՀՀ տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացուներ:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է նաեւ կամավոր դարձնել բույսերի այն 10 տեսակների հավաստագրումը, որն այսօր գործող օրենսդրությամբ պարտադիր է: Այս առաջարկն արվում է` ելնելով այն հանգամանքից, որ վերոնշյալ գործընթացը բավական բարդ է, կազմված է բազմաթիվ քայլերից, սակայն կարգավորված չեն հավաստագրված սերմերի պահպանության պայմանները, հավաստագրի վրա նշված չէ սերմերի պիտանելիության ժամկետը, առանց որոնց հավաստագիրը որակի երաշխիք լինել չի կարող: Մի շարք երկրներում նույնպես սերմերի հավաստագրումը կամավոր է, իսկ արտադրանքի որակն ապահովվում է շուկայական ազատ մրցակցության շնորհիվ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները