e-guillotine

Ծանուցումներ՝ մի շարք լիցենզիաների փոխարեն

2015.02.12
Այսօր կառավարության հավանությանն արժանացան ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի եւ քաղաքացիների հարաբերությունները պետության հետ: Մասնավորապես, առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացը փոխարինել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախնական ծանուցման գործընթացով: Առաջարկվում է նաեւ հանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի եւ վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը:

Մեկ այլ առաջարկով հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այլեւս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը: Բիզենսի բեռը թեթեւացնելուն է ուղղված նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկը՝ պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ապրանքատեսակի գնապիտակի ստորագրման պահանջը հանելու վերաբերյալ: «Սա նույնպես աննպատակահարմար ենք համարում, քանի որ այն ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսավարողի համար», - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Մեկ այլ առաջարկով առաքվող ապրանքին ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացը հանելու «ժամի» փոխարեն կներկայացվի «օրը» նշելու պահանջը, ինչպես նաեւ դուրս կգա վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափերը նշելու պահանջը: «Խնդրում եմ՝ շարունակել այս մոտեցումը՝ հնարավորինս պարզեցնել բիզնեսի կյանքը եւ կրճատել, նվազեցնել բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները