e-guillotine

Բարեփոխվում է Աշխատանքային օրենսգիրքը

2015.03.13
Այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում (ՕԿԱԿ) քննարկվեցին Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կենտրոնի առաջարկները: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, ՀՀ գործատուների հանրապետական միություն, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ:

ՕԿԱԿ-ի առաջարկները հիմնականում ուղղված են կարգավորումները պակասեցնելուն եւ թեթեւացնելուն: «Այսօր Հայաստանում 20% գործազրկություն կա, - ասաց ՕԿԱԿ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, - եւ որքան թեթեւ լինեն կարգավորումները, այնքան նոր աշխատատեղերի հնարավորությունները կմեծանան: Մեր հիմնական նպատակը բազմաթիվ հարցեր պետական կարգավորումների ոլորտից աշխատող-գործատու հարաբերությունների ոլորտ տեղափոխելն է: Դրանով նաեւ կուժեղանա արհմիությունների դերը»:

Մասնավորապես, առաջարկվում է կողմերի բանակցությունների միջոցով որոշել առանձին աշխատանքների համար տրամադրվող լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակը, տեւողությունը եւ հանգստանալու տեղը,  ամենամյա երկարացված եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդների տեւողությունները, դրանց տրամադրման կարգն ու պայմանները,  արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվող հավելումների չափերը, այն աշխատողներին տրամադրվող հավելումների չափը, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի: 

ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման քննարկումները մեծապես նպաստում են կոնսենսուսային առաջարկների ձեւավորմանը: «Նախ շատ կարեւոր էր շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը: Ինչ վերաբերում է նախագծին, այն արդեն մի քանի փուլով քննարկվել է՝ եռակողմ սոցիալական երկխոսության հանձնաժողովում, աշխատանքային խմբերում, կառավարությունում՝ համապատասխան կոմիտեիում եւ հղկվելով առաջ է գնում: Ընդհանուր առմամբ մեր Աշխատանքային օրենսգիրքը լավն է, սակայն բարդ է գրված, այս առումով նման բարեփոխումներով դրան ճկունություն տալը շատ կարեւոր է», ասաց Գագիկ Մակարյանը: 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները