e-guillotine

Կրճատվում են օրենսդրական կարգավորումներ

Մամուլի ասուլիս

2012.07.11 Հանրային ծառայությունների, տրանսպորտի եւ առողջապահության ոլորտներում օրենսդրական կարգավորումների կրճատման եւ պարզեցման առաջարկներ կարելի է ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին: Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը: 
«Այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26.000 իրավական ակտ: Մեր գործունեությունն ուղղված է կարգավորումների էական կրճատմանը եւ պարզեցմանը, ինչը շատ դեպքերում կհանգեցնի բիզնեսի եւ քաղաքացու ոչ միայն ժամանակի, այլ նաեւ ծախսերի խնայողության: Ծրագրի ընթացքում կկրճատվի ՀՀ-ում գործող կարգավորումների նվազագույնը 30 տոկոսը, իսկ մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի», - ասել է Արմեն Եղիազարյանը:
ՀՀ նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով բարեփոխումների 17 ոլորտ է նախանշվել, որոնք ընդգրկում են մեր երկրում կարգավորումների ենթարկվող ամբողջ դաշտը՝ հանրային ծառայություններից մինչեւ սպորտի եւ երիտասարդության հարցեր: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր գործունեության ընթացքում ուսումնասիրում է կոնկրետ ոլորտի՝ բիզնեսի եւ քաղաքացու վրա ազդեցություն ունեցող կարգավորումներ պարունակող իրավական ակտերը, նկարագրում բիզնես գործընթացները եւ, համադրելով դրանք միջազգային լավագույն փորձի հետ, պատրաստում է համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթ եւ ներկայացնում Բարփոխումների խորհրդի հաստատմանը՝ նպատակ ունենալով թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացու ուսերին ընկնող բեռը:
Աշխարհի տարբեր երկրներում իրեն արդարացրած «կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետեւյալն է՝ կարճ ժամանակահատվածում վերացնել ժամանակավրեպ կարգավորումները եւ կրճատել անարդյունավետ ծախսերը: Հայաստանում կիրառվելու է կարգավորիչ գիլյոտինի սկզբունքը՝ վերացնելով ոչ արդյունավետ՝ ժամանակատար եւ ծախսատար կարգավորումները՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով նոր, պարզեցված կարգավորումների ներդրման հետ:
Այժմ կենտրոնն աշխատում է հանրային ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), տրանսպորտի (մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ, ներպետական բեռնափոխադրումներ) եւ առողջապահության (դեղեր, դեղանյութեր, կենսակտիվ հավելումներ, բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում, ախտահամաճարակային անվտանգության ապահովում, վերարտադրողական առողջություն եւ իրավունք, մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորություն, փոխներարկումային բժշկական օգնություն, հոգեբուժական օգնություն, մարդու օրգանների եւ/կամ հյուսվածքների փոխպատվաստում եւ ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելում) ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ: Քննարկումներ են կազմակերպվել պետական մարմինների եւ բիզնես միավորումների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել են իրավական ակտերը, ուսումնասիրվել է միջազգային փորձը: Այժմ աշխատանքներ են տարվում ձեւավորված առաջարկները հանրությանը հնարավորինս մատչելի դարձնելու եւ հանրային քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ: Օրենսդրական բարեփոխումների փաթեթները ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Բարեփոխումների խորհրդին կներկայացվեն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Լավագույն արդյունքի հասնելու կարեւոր գրավականներից մեկը շահագրգիռ կողմերի համագործակցությամբ նոր լուծումներ առաջադրելն է: Այս նկատառումից ելնելով կենտրոնը բոլորին կոչ է անում համատեղ աշխատել: Կենտրոնի կարգախոսն է՝ Կտրենք միասին:
Գործում է թեժ գիծ (+374 10 53 13 25), էլ. փոստ (hotmail@regulations.am), Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն օգտատեր է ֆեյսբուք սոցիալական ցանցում, շուտով կգործարկվի նաեւ կենտրոնի կայքը: Այս բոլոր միջոցներով քաղաքացիները կարող են իրենց մտահոգություններն ու բարեփոխումների առաջարկները ներկայացնել կենտրոնին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները