e-guillotine

«ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳԻԼՅՈՏԻՆ» ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2015.05.04
Այս անգամ պետական այդ ծրագրի ու դրա անհրաժեշտության մասին տեղեկատվություն ստանալու հերթը քաղաքացիական ծառայողներինն էր:

Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Շուկայական տնտեսության զարգացման օրեսնդրական մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության գնահատում» թեմայով դասախոսություն, որը վարում էր Կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը:
 
Քաղաքացիական ծառայողների համար այս դասախոսությունների շարքը նախաձեռնել է ՀՀ Կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է քաղծառայողներին ներկայացնել շուկայական տնտեսության զարգացման համար նպաստավոր օրենսդրական կարգավորումների սկզբունքները, կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգը և Հայաստանում դրա անհրաժեշտությունը:
 
Նշենք, որ «Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2013 թ.-ին, դրա խնդիրը օրենսդրության կարգարվորումն է, իրավական ակտերի վերանայումը՝ դրանք ավելի պարզեցնելու նպատակով: Դա կբարելավի երկրի մակրոտնտեսական միջավայրը բիզնես գործունեության և ներդրումների համար: Ծրագիրն իրականացնողները վստահեցնում են, որ այդ բարեփոխումներն իրականացնելու դեպքում մինչ այժմ կատարվող ծախսերը կկրճատվեն շուրջ 50%-ով:
 
«ՀՀ Կառավարությունը լայնածավալ քննարկումներ է իրականացրել այս ծրագրի վերաբերյալ և այդ բարեփոխումները ներկայացրել է Ազգային ժողով: Մինչ այժմ քննարկվել են շուրջ 2.600 իրավական ակտեր, առաջարկվել են բարեփոխումներ: Իհարկե դրանք չեն իրականացվում այն տեմպերով, ինչպես կցանկանայինք, սակայն այսպիսի բաները երկար ժամանակ են պահանջում»,- նշեց Սքոթ Յակոբսը:
 
Նրա խոսքերով՝ բարեփոխումներն ընդգրկում են 41 ոլորտներ՝ սկսած բիզնես միջավայրից մինչև արտաքին առևտուր, առողջապահություն, քաղաքացիական հասարակություն և այլն:
Դասախոսությանը մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարության, պաշտպանության, արդարադատության, կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի, տրանսպորտի և կապի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ:   
 
Հաջորդող օրերին դասախոսությունները կշարունակվեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում: Ծրագրին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն շուրջ 200 քաղաքացիական ծառայողներ:
 
«Մենք Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ պայմանագիր ունենք և մշտապես իրականացնում ենք նրանց մասնագետների վերապատրաստում, այս դասախոսությունն էլ համընկավ քաղծառայողների դասերի հետ, և մենք այս ամենը հյուրընկալեցինք մեզ մոտ»,- ասում է ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները