e-guillotine

Ընդունվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքը

2015.11.13
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարության նախաձեռնությամբ փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ, իսկ պատգամավորների կողմից դիտողություններ եւ առաջարկներ չեն եղել:

Հիշեցնենք, որ լիցենզավորման ենթական գործունեության մի շարք տեսակներ ծանուցմամբ փոխարինելու օրենսդրական նախաձեռնության հեղինակը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն է: «Ծանուցումը» նոր հասկացություն է, որի ենթակա գործունեության տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, գյուղատնտեսության բնագավառի գործունեության մի շարք տեսակներ, թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը, առևտրի իրականացման վայրի կազմակերպումը: 

Արմեն Եղիազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, իսկ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Այնուհետեւ պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները