e-guillotine

ՊԱՏԱՍԽԱՆ

2015.11.26

Վերջերս մամուլում հրապարակված «Կարգավորիչ գիլիոտինը» պետության 43 միլիոն դրամն «օդում է պահել» («Առավոտ» օրաթերթ 19.11.2015) հոդվածում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի (ՕԿԱԿ) կողմից ձեռք բերված սարքավորումներն ու գույքը ժամանակին չմուտքագրելուն, չհաշվառելուն ու չպահպանելուն: Ավելին, հոդվածի հեղինակն առանց որևէ հիմնավորման իր անհարկի որակումներն է տվել վերոհիշյալ գույքի և սարքավորումների  համար տրամադրված գումարը «գրպանելու» (հեղ.՝ «Առավոտ») վերաբերյալ: 

Ասվածի շուրջ թերևս կարելի էր լռել և չարձագանքել, սակայն հաշվի առնելով ՕԿԱԿ-ի կողմից իրականացվող գրեթե քառամյա գործունեությունը, ինչպես նաև գրասենյակի ղեկավարի թե´ բազմամյա գործունեությունն ու գիտելիքները և թե´ փորձառությունը, անկասկած հարկ է լինում անդրադառնալ նշված հոդվածում գրասենյակի բարի համբավը կասկածի տակ դնող չհիմնավորված որակումներին և տեղեկություններին: 

Հիրավի, հոդվածագիրն ակնհայտ բացասական վերաբերմունք է դրսևորում ՕԿԱԿ-ի գործունեության հանդեպ` նշելով ոչ հիմնավոր, ավելին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Այդ մասին են վկայում հեղինակի կողմից բերված իրարամերժ տեղեկությունները գրասենյակի կողմից օգտագործվող գույքի չհաշվառման վերաբերյալ: Իրոք, հաճելի է իմանալ, որ Ծրագրի գործունեությամբ հետաքրքրված են զանգվածային լրատվության միջոցները և մի շարք այլ մարդիկ, ի թիվս հարգելի հոդվածագրի` ավելին, իրենց նախաձեռնությամբ կամ ինչ-որ պատվիրատուի հրահանգով ձգտելով վերհանել և իբր հանրությանն իրազեկել և այսպես կոչված, կասկածի տակ դնել, մեջբերում եմ. «ավելորդ նորմատիվ ակտերը փրթող-դեն նետող» (հեղ.՝ «Առավոտ»)  Կարգավորիչ Գիլյոտինի կողմից իրականացվող գործունեությունը, կրկին մեջբերում եմ. «այնպիսի բարեփոխումների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են բիզնեսին, քաղաքացիների համար բյուրոկրատական քաշքշուկներ են առաջացնում» (հեղ.՝ «Առավոտ»): Սակայն, նախևառաջ, հոդվածագիրը պետք է որ ավելի վստահ լիներ իր կողմից տրամադրվող տեղեկությունների հավաստիության հարցում կամ ավելի ճիշտ գնահատականներ ու որակումներ կամ արժանավայել փաստարկներ հնչեցներ իր կողմից «բացահայտված», կրկին մեջբերում եմ, «միլիոնավոր գումարների փոշիացման» (հեղ.՝ «Առավոտ») վերաբերյալ այն դեպքում, երբ նման հոդվածը տպագրելուց շատ առաջ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում վերհանված թերությունները վաղուց արդեն իսկ ՕԿԱԿ-ի կողմից շտկվել և, ի տխրություն հոդվածի հեղինակի, գույքն ու սարքավորումները հաշվառված ու մուտքագրված են եղել (իսկ վերոհիշյալ գույքն ու սարքավորումներն ավելի ուշ հաշվառելու պատճառը զուտ տեխնիկանան բնույթ է կրում): 

Թույլ տվեք հոդվածում հեղինակի կողմից նախանձախնդրորեն բարձրացված հարցերն անվանակոչել իրարամերժ, քանզի դրանք իրար հակասող և բացարձակապես մեկը մյուսի հետ կապ չունեցող հայտարարություններ  են, որոնք վերջինիս կողմից ուղղակիորեն թվարկվել են կամ միգուցե պարզապես կոչված եղել արտահայտելու Ծրագրի հանդեպ ունեցած իր անձնավորված զայրույթը կամ ինչու չէ, քամահրանքը:

Իսկ միգուցե հոդվածագիրը պարտավոր էր նման խիզախ հայտարարություններ անելուց և նման հոդվածով հանդես գալուց առաջ հանդիպել կամ խոսել ՕԿԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց հետ` փորձելով ստանալ իր հոդվածում արծարծվող իրարամերժ հարցերի պատասխանները, այնպիսիք, ինչպիսիք են`  օրինակ, մի կողմից՝ գույքի և սարքավորումների չմուտքագրման և վերոհիշյալ սարքերի համար նախատեսված` մեջբերում եմ. «միլիոնավոր գումարների փոշիացման» (հեղ.՝ «Առավոտ»), իսկ մյուս կողմից՝ հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանի կողմից բազմիցս հայտարարված և Կառավարության կողմից որդերգված` բարեփոխումների արդյունքում նախատեսվող կարգավորումների ծախսերի կրճատումը և այլն:

Իհարկե, ՕԿԱԿ-ի կողմից իրականացվող գործունեությունը նպատակ չի հետապնդում որևիցե մեկին պարտադրելու միայն ակնածանք և դրական վերաբերմունք դրսևորել այն ամենի հանդեպ, ինչը որ գործնականում իրականացվում է գրասենյակի կողմից՝ սկսած դեռևս 2012 թվականից, կամ էլ հարկադրելու չցուցաբերել որևէ ձևով ակնհայտ սուր բացասական վերաբերմունք: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ կարելի է մեջբերել հենց հոդվածում հեղինակի կողմից արված՝ Արմեն Եղիազարյանի կողմից հնչեցված այն արտահայտությունը, որ, մեջբերում եմ. «Եթե մեր բոլոր առաջարկները ընդունվեն, մոտավորապես 25 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել: Մնացել է մոտ 20 ոլորտ, որոնց հետ կապված աշխատանքները մինչեւ մյուս տարվա հունիս կհասցվեն ավարտին: Այս ոլորտների ուսումնասիրությունից հետո, մեր հաշվարկով, մոտ 60 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել» (հեղ.՝ «Առավոտ»): Հարկ է հավելել նաև,  որ «փրթել-դեն նետելու» (հեղ.՝ «Առավոտ»), արդյունքում իրականապես շահում է թե´ քաղաքացին և թե´ գործարար  միջավայրը: Թերևս հոդվածի հեղինակը պետք է դրական մոտեցում դրսևորեր գուցե սոսկ այս փաստի առթիվ` հաշվի առնելով վերջինիս «անկեղծ» մտահոգությունը կամ «հոգատարությունը» գույքի հանդեպ, ինչու չէ նաև հանրության բարօրության հանդեպ…

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները