e-guillotine

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կարգավորիչ գիլյոտինի առաջարկները

2015.12.15
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի նախաձեռնությունները, որոնցով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հսկիչ նշանների միջոցով էլեկտրոնային կրիչների դրոշմավորմանը վերաբերող օրենքը, փոփոխություններ կատարել  «Թանկարժեք մետաղների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

ՕԿԱԿ տնօրեն Արմեն Եղիազարյանի խոսքով՝ այսօր համացանցը հնարավորություն է տալիս պահանջվող ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը առցանց օգտագործել եւ ներբեռնել, միաժամանակ շուկայում տվյալ արտադրանքի մասնաբաժինը նվազում է, իսկ ներկայումս գործող կարգավորումները   տնտեսավարող սուբյեկտների համար առաջացնում են չհիմնավորված դժվարություններ եւ ծախսեր, ինչից առաջարկվում է զերծ պահել տնտեսվարողներին:

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հանել թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմին վերադարձնելու պահանջը եւ պահանջը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց կիրառվող տուգանքը` 50.000 դրամի չափով:

«Որակավորման վկայականը ժամկետային է, - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, - այսինքն այն ուժը կորցրած է համարվում վկայականում նշված ժամկետից հետո, իսկ օրենքով սահմանված դեպքերում վկայականում նշված ժամկետից շուտ դրա ուժը կարող է կորցրած ճանաչվել լիազոր մարմնի որոշմամբ: Ժամկետանց կամ ուժը կորցրած ճանաչված վկայականի ձեւաթղթի առկայությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականում ռիսկեր չի պարունակում: Պահանջը հանելու դեպքում բացակայում է դրա համար պատասխանատվության միջոց սահմանված լինելու անհրաժեշտությունը»:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է, որ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում արխիվային համապատասխան տեղեկանքը հարցման միջոցով ստանա լիազոր մարմինը, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարությունը կսահմանի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի համար կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները