e-guillotine

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

2016.05.04

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ուսումնասիրվել է անտառօգտագործման ոլորտում հողային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները և մասնավորապես արձանագրվել են հետևյալ հակասությունները և բացթողումները:

Հաշվի առնելով, որ անտառները և անտառային հողերը դասվում են  պահպանության ենթակա  էկոհամակարգերի շարքին, անտառների և անտառային հողերի օգտագործման ճիշտ և խելամիտ կարգավորումը հանդիսանում է հողային ռեսուրսների կայուն կառավարման կարևոր խնդիրներից մեկը: Անտառօգտագործման հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հակասություններ հատկապես հողային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի հետ:

ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին, նույն դրույթն ամրագրված է նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում: Միևնույն ժամանակ, ՀՀ անտառային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պետական անտառային հողերը ոչ անտառածածկ կամ բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք: Տվյալ դրույթը հակասում է և՛ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին, և՛ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի պահանջներին, ուստի անհրաժեշտ էր  այն վերաձևակերպել ՝ հանելով սեփականության իրավունքով օտարման մասը:

1)     Համապատասխանեցվել է ՀՀ անտառային օրենսգրքում հողօգտագործման կարգավորման դրույթները ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին.

2)    Նախատեսվել է ՀՀ անտառային օրենսգրքում պետական անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրման դրույթները, որի կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը.

3)    Հստակեցվել է պետական անտառային հողերի վարձակալության տրամադրման կարգին առնչվող դրույթները:

Անտառային տոմս

Համաձայն անտառային օրենսդրության՝ պետական և համայնքային անտառներում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում՝ մինչև մեկ տարի ժամկետով կողմնակի անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա: Այս հիմքով քաղաքացիները, իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները իրավունք են ստանում առանց հողի վարձակալության օգտվել անտառային պաշարներից՝ մթերվող բերքի դիմաց նախօրոք դիմելով և ստանալով անտառային տոմս և վճարելով համապատասխան բնօգտագործման վճար, որի կարգը սահմանված է Հանրապետության Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ:  Օրենսգրքի 44-րդ հոդվածով քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, անտառներում հավաքել անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և բույսեր՝ առանց սահմանափակման: Սակայն Օրենսգրքի 34-րդ հոդվածով անտառօգտագործողներին թույլատրվում է իրականացնել միայն անտառօգտագործման այն տեսակները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում: Պարզ չէ, թե ինչպես է այս նորմը իրականում կիրառվում թույլտվություն չպահանջվող անտառօգտագործողների նկատմամբ: Այստեղից հետևում է, որ ֆիզիկական անձանց անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ: Իրականում, անտառապահերը, ովքեր պատասխանատու են անտառօգտագործման գործունեության հսկման համար, թույլ են տալիս տեղի բնակիչներին՝ առանց որևէ իրավունքի անսահմանափակ օգտվել անտառային պաշարներից՝ անձնական կարիքները հոգալու համար: Արդյոք արդյունագործական, թե անձնական նպատակներով են ոչ բնափայտային մթերումները կատարվում, այս պարագայում, դժվար որոշելու խնդիր է:

Ավելին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացված հարցումներից պարզ է դարձել, որ 2013-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից  անտառային տոմսեր ընդհնարապես դուրս չեն գրվել և, բնականաբար, համապատասխան պայմանագրեր չեն կնքվել: Այսինքն, բացի ֆիզիկական անձանցից անտառօգտագոծման այս իրավունքը չի տրամադրվել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ինչը վկայում է տվյալ  կարգավորող նորմի աննպատակահարմարության մասին:

Խնդիր է առաջացնում նաև  ոչ բնափայտային պաշարների ռեսուրսների գործնականում հաշվառում չիրականացնելը, թեև վերջինիս վերաբերյալ հստակ կարգավորումներ են գործում: Առանց նշված պաշարների հաշվառման գործընթացի անտառային տոմսերը առոչինչ են, քանի որ դրանցում պահանջվող մթերումների ծավալները որոշվում են հենց այդ հաշվառման արդյունքում: 

Միաժամանակ հարկ է նշել, որ այս տեսակ անտաօգտագործումը լայն կիրառություն ունի մի շարք օտարերկրյա պետություններում: Որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Շվեդիան և Ճապոնիան դրանց արտադրանքի տնտեսական արժեքը կազմում է բնափայտի արտադրանքի 20-25%-ը, իսկ  Բրազիլիան հայտնի է որպես վայրի ընկույզ, սնկեր, մեղր,  բամբուկ և այլ արժեքավոր ապրանքներ արտահանող  երկիր, իսկ արևելյան երկրներից շատերը արտադրում և արտահանում են շատ արժեքավոր խոտա-դեղաբույսեր: Այսինքն, որոշ զարգացող երկների համար այս տեսակ արտադրանքը կարող է հանդիսանալ տնտեսության զարգացման կարևոր շարժիչ ուժ: Ուստի, գործող իրավական դաշտի ազատականացումը խթան կհանդիսանա փոքր բիզնեսի զարգացման համար:

Բնափայտի մթերումը իրականացվում է արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում, ինչպես նաև պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում: Բնափայտի մթերման համար սահմանվում և որոշվում են տարեկան հաշվարկային հատատեղերը՝ անտառաշինական նախագծերի հիման վրա: Ներկայումս բնափայտի մթերումն իրականացվում է առանց մրցույթի՝ առանց հողի վարձակալության:  Բնափայտ մթերելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են մինչև 1 տարի ժամկետով՝

1) արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի մասին պայմանագիր.

2) անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ իրականացնելու դեպքում` անտառատնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիր:

Անտառահատման տոմսի տրամադրման իրավական հիմքը համապատասխան պայմանագիրն է: Բացառությամբ, բնափայտի առք ու վաճառքի պայմանագրից, մնացած դեպքերում,  անտառահատման տոմսը, կարծում ենք, կարող է փոխարինել պայմանագրին և  բավարար իրավական հիմք  հանդիսանալ անտառօգտագործողին թույլատվություն տալու համար, քանի որ այն խիստ հաշվառվող փաստաթուղթ է և ներառում է անտառօգտագործողի կողմից անտառօգտագործման խախտումները կանխարգելող իրավունք ու պարտականություն պարունակող դրույթներ:

Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում, իսկ դրանց հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում: Ուստի, առաջարկվել է.

1)     Հանել ՀՀ անտառային օրենսգրքով սահմանված առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը՝ անտառօգտագործման պայմանագիրը և անտառային տոմսը ՝ նպատակ ունենալով վերացնելու գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով և խթանելու փոքր բիզնեսին՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար.

2)    Հանել բնափայտ մթերելիս պայմանագրի կնքման պարտադրությունը, բացառությամբ՝ արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի պայմանագրի դեպքից՝  պարզեցնելու և կրճատելու բնափայտի մթերման համար իրավունքի ստացման գործող գործընթացը:

3)    Ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 72-րդ հոդվածը՝ հաշվի առնելով ՀՀ անտառային օրենսգրքի վերը նշված փոփոխությունները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները