e-guillotine

ՄԵՂՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2016.06.21

Իրավիճակը և անհրաժեշտ բարեփոխումների էությունը

Համաձայն 2014 թվականի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների` մեղրի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում կազմել է տարեկան 1200 տոննա, որից 639 տոննան իրացվել է, 23 տոննան տրվել է ապրանքափոխանակման դիմաց, 35 տոննան տրվել է բնամթերքով ծառայությունների դիմաց, 216 տոննան օգտագործվել է տնտեսություններում, իսկ 283 տոննան որպես մնացորդ պահվել է տնտեսություններում: Բնական մեղրի արտահանումը կազմում է 4335 կգ, իսկ ներմուծումը՝ 915 կգ[1]:


Այսօր ՀՀ-ում մեղրի արտադրության անվտանգության և իրացման խնդիրները կարգավորվում են հետևյալ իրավական ակտերով՝


  • ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 21-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» N ՀՕ-135-Ն օրենք
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 21-ի «Անասնաբուժության մասին» N ՀՕ-137-Ն օրենք
  • · ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի«Մեղվաբուծությանմասին»


N ՀՕ-71-Ն օրենք,


  • ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին»N 1416-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը սահմանելու մասին»»N 662-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անտվանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»N 1499-Ն որոշում:

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանսննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելումասին»N 1679-Ն որոշման մեջ գործունեության տեսակի ռիսկի դասակարգումը աղյուսակում (տես՝ աղյուսակ 1) մեղրի արտադրությունը և փաթեթավորումը դասակարգվել է որպես ոչ բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ: Ի հավելումն նշենք նաև, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեղրի արտադրությունը ոչ բարձր ռիսկայինություն ունեցող ոլորտ է համարվում նաև բազմաթիվ այլ երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Եվրոպա և այլն: Այսպիսով, մի շարք երկրներում (ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ և այլն) մեղրի արտադրական շղթայում օրենքով սահմանված են համեմատաբար մեղմ պահանջներ:

 

ՀՀ-ում մեղրի արտադրական շղթայի կարգավորման իրավական դաշտը օրենքով սահմանում է մի շարք պահանջներ, այդ թվում՝ մեղրի սանիտարական անձնագրերի վարում լիազոր մարմնի կողմից և մեղրի պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննություն, որոնք, սակայն, որպես կանոն իրական կյանքում չեն կատարվում, դրանք կրում են ֆորմալ բնույթ, վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով չեն պահանջվում արտադրական շղթայի հետագա փուլերում և պարունակում են կոռուպցիոն ռիսկերի տարրեր:

 

Այսպիսով, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդիպումների և քննարկումների ընթացքում մեղվաբույծների կողմից բարձրաձայնված փաստերը, տեղական համակարգի վերլուծությունները, ինչպես նաև այն փաստը, որ մեղրը համարվում է ոչ բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) առաջարկում է իրականացնել կարգավորումների պարզեցում և օրենքով սահմանված պարտադիր պահանջների վերանայում:

 

Հաջորդիվ ներկայացվող առաջարկները վերաբերվում են մեղրի առաջնային արտադրության և իրացման փուլերին:

 

Մեղրի առաջնային արտադրություն

Կարգավորման նկարագրություն և փաստացի իրավիճակ

Հայաստանում մեղրի արտադրության առաջնային փուլում մեղվաբուծությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2009 թվականիմարտի 19-ի«Մեղվաբուծությանմասին»N ՀՕ-71-Ն օրենքով: Համաձայն նույն օրենքի` մեղվաբույծները, ֆիզիկական և իրավաբանական անձիք, պարտավոր են՝

  • ունենալ մեղվանոցների սանիտարական անձնագիր: Սանիտարական անձնագրի վարումը իրականացնում է լիազոր մարմինը.
  • ստուգել մեղվաընտանիքները և գնահատել դրանց առողջական վիճակը, իսկ հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքում վերցնել համապատասխան նմուշներ` լաբորատոր հետազոտությունների համար: Մեղվանոցի ստուգումից հետո լիազոր մարմինն արձանագրված արդյունքները գրանցում է մեղվանոցի անձնագրում:

Ոլորտի ուսումնասիրությունից պարզվեց, որ սանիտարական անձնագրերի վարման պահանջը կրում է ֆորմալ բնույթ և որպես կանոն, սանիտարական անձնագրերի վարում չի իրականացվում:

 

Առաջարկություն

  1. 1. Սանիտարական անձնագրի վարումը վերապահել մեղվաբույծներին: Անձնագրի առկայությունը որպես պարտադիր պահանջ սահմանել միայն մեղրի դասակարգման[2](մեղրի դասակարգման վերաբերյալ առաջարկը ներկայացված է ստորև)գործընթացի համար: Եթե մեղվաբույծը դիմում է մեղրի դասակարգ ստանալու համար, ապա պարտավոր է ներկայացնել սանիտարական անձնագիր: Անձնագրի ձևը պետք է սահմանվի լիազոր մարմնի կողմից: Այն պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը[3]՝
  • մեղվաընտանիքների տեսակը, քանակը, քանակի փոփոխությունը,
  • բերքատվության միջին ցուցանիշը տարեկան կտրվածքով,
  • ինչ հաճախականությամբ են կատարվել մեղվանոցի ստուգումները մեղվաբույծի կողմից,
  • բուժման կամ կանխարգելիչ նպատակներով ինչպիսի դեղորայքներ են օգտագործվել,
  • ինչ կեր և հավելումներ են օգտագործվել:

Լիազոր մարմինը կարող է սահմանել նաև այլ պահանջներ:

 

Հետագայում, առաջարկվում է ներդրնել նաև կենտրոնացված ռեեստրի համակարգ[4], որտեղ լիազոր մարմինը կիրականացնի մեղվաբույծների և մեղվաընտանիքների հաշվառում՝ սանիտարական անձնագրերի հիման վրա:


Մեղրի իրացման փուլ

Կարգավորման նկարագրություն և փաստացի իրավիճակ

Մեղրի իրացման փուլը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի«Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին»N 1416-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշումը սահմանում է մեղրի տեսակները՝ ըստ ծագման և արտադրության տեսակի: Համաձայն նույն որոշման՝ մեղրը մթերելուց, վերամշակելուց և վաճառքից առաջ պետք է պարտադիր ենթարկվի փորձաքննության: Իրականացված փորձաքննության արդյունքում մեղրը կարող է համարվել անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի, պայմանական պիտանի և ոչ պիտանի:

Անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված մեղրի համար տրվում է վերջինիս անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ:

 

Պայմանական պիտանի մեղրը կարող է օգտագործվել միայն վերամշակումից հետո կամ սեփական կարիքների համար: Պայմանական պիտանի է համարվում արդյունաբերական մեղրը:

 

Ոչ պիտանի ճանաչված մեղրը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման և վերադարձվում է իրացնողին: Սակայն նույն որոշման մեջ տրված չէ որևէ սահմանում, թե ինչ սկզբունքներով է որոշվում և որն է համարվում պիտանի, պայմանական պիտանի և ոչ պիտանի մեղր: Համաձայն այդ որոշման՝ մեղրը ՀՀ-ում ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, սակայն մեղրը չի ենթարկվում որակական քննության, ինչպես նաև չի ենթարկվում դասակարգման՝ ըստ որակական հատկանիշների: Մեղրի պարտադիր փորձաքննությունների անցկացման կարգը նկարագրված է Գծապատկեր 1-ում (տե՛ս Հավելված 2):

 

«Մեղվաբուծությանմասին»ՀՀօրենքի 17-հոդվածի 12-րդկետըմեղրիհամարօգտագործումէմեկայլբնութագիր՝ «կեղծ»մեղրհասկացությունը, սակայնօրենքըչիսահմանում, թեորնէարդյքով համարվումկեղծմեղր: Փոխարենը,ՀՀկառավարության 2010 թվականիհոկտեմբերի 21-իN 1442-Ն որոշման մեջ տրված է արհեստական մեղր հասկացությունը՝ որպես «բնական մեղրի հետ խառնված կամ չխառնված մեղր», սակայն տրված չէ որևէ բացատրություն վերջինիս բաղադրության վերաբերյալ:


Հիմնադրամի կողմից իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ մեղրի իրացմանը ներկայացված պահանջներից շատերը չեն կատարվում: Մեղրը ենթարկվում է փորձաքննության հիմնականում արտահանման դեպքում,իսկերկրի ներսում իրացման նպատակով արտադրված մեղրը, որպես կանոն, փորձաքննության չի ենթարկվում: Բացակայումեննաև որակական հատկանիշների տեսանկյունից մեղրը դասակարգող որևէ մեխանիզմներ, ուստի գնորդը ընտրություն կատարելիս հիմնվում է միայն վաճառողի բանավոր ներկայացրած պնդումներին:


Առաջարկություն


1. Հանելմեղրիանասնաբուժասանիտարականփորձաքննությանպարտադիրպահանջը (բացառությամբարհեստականմեղրի):

2. Սահմանել մեղրի դասակարգման կարգեր: Մեղրի դասակարգման կարգերը որոշում է լիազոր մարմինը (դասակարգման ամերիկյան մոդելը տես Հավելված 7): Մեղրի դասակարգում իրականացնելուց հետո լիազոր մարմինը տրամադրում էհավաստագիր, որում նշվում է մեղրի տեսակը, պիտանիությունը, կարգը և համապատասխան պիտակ: Եթե մեղվաբույծը մեղրը ներկայացնում է դասակարգման, ապա մեղրը իրացվում է միայն լիազոր մարմնի կողմից տրամադրված պիտակը տարայի վրա փակցված լինելու դեպքում: Պիտակի Ձևանմուշը ներկայացված է Հավելված 1-ում:

Մեղվաբույծը պարտավոր է մեղրը ներկայացնել վաճառքի միայն պիտակավորված տարաներով: Պիտակը պետք է պարունակի արտադրողի վերաբերյալ տեղեկատվություն, պիտակի վրա պետք է նշված լինի, որ մեղրը բնական է և այն մասին, որ մեղրը՝ 1) դասակարգված է կամ 2) կարգ չունի: Պիտակի նմուշը հաստատում է լիազոր մարմինը: Պիտակի Ձևանմուշի օրինակը ներկայացված է Հավելված 1-ում:


3. Սահմանել որ լիազոր մարմինը վաճառքի կետերում կարող է իրականացնել չդասակարգված մեղրի՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ՝ համոզվելու համար, որ այնարհեստական մեղր չի:Լիազոր մարմինը սահմանում է այն որակական և քանակական չափանիշները, որոնց չբավարարելու դեպքում մեղրը համարվում է արհեստական:

4. Սահմանել արհեստական մեղրի պարտադիր փորձաքննության պահանջ: Արհեստական մեղրի իրացումն առանց փորձաքննության արգելվում է:

5. Օրենսդրությամբամրագրել արհեստական մեղրիսահմանումը որպես՝ «գլյուկոզայի, դեքստրոզայի, մաթի, շաքարի օշարակի, շաքարավազի, ալյուրի, եգիպտացորենի օշարակի, օսլայի կամ որևէ այլ նմանատիպ բաղադրամասերից պատրաստված նյութ, որի մեջ չկա ծաղկափոշի»[5]:

6. Ուժը կորցրած ճանաչելՀՀ կառավարության 2009թվականիմարտի 19-ի«Մեղվաբուծությանմասին»NՀՕ-71-Ն օրենքի 17-րդ հոդվածի 12-րդ կետը, որտեղ նշված են«կեղծ մեղր» բառերը:



[1] 2014 թվականի դրությամբ, comtrade.un.org վիճակագրական տվյալներ

[2]Համանման դասակարգեր պահանջվում են ԱՄՆ-ում, Եվրոպայի անդամ մի շարք երկրներում

[3]ելնելով ԵՄ փորձից:

[4]Այս գործընթացի ներդրումը ներկայումս իրականացվում է ԵՄ անդամ մի շարք երկրներում:

[5] Աղբյուրը՝ UndergroundHealthReporter.com հրապարակումներ





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները