e-guillotine

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի առաջարկությունները «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի առաջարկությունները «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

2016.06.27

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամն (այսուհետ՝ Հիմնադրամ) իրականացրել է հետազոտություններ մի շարք երկրներում օտարերկրացիների կարգավիճակի, մուտքի, ելքի և երկրում իրականացվող տնտեսական գործունեության վերաբերյալ: Առաջարկությունները մշակվել են՝ ելնելով այդ երկրների փորձից[1]: Առաջարկությունները մշակելիս Հիմնադրամը ղեկավարվել է հետևյալ սկզբունքներով՝

1) Առաջարկել այնպիսի փոփոխություններ, որոնք նպատակաուղղված կլինեն երկրի տնտեսության աշխուժացմանը, կնպաստեն ներդրումների աճին, ինչպես նաև երկիրը կդարձնեն ավելի բաց մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժի համար, ինչպես նաև կավելացնեն երկրի գրավչությունն օտարերկացիների համար:

2) Ելնելով վերոնշյալ նպատակներից՝ նշված առաջարկություններն ուղղված են նպաստելու՝

  • Զբոսաշրջության զարգացմանը.
  • Աշխատանքային շուկայի որակի և մրցակցության աստիճանի բարձրացմանը.
  • Օտարերկրացիների կողմից իրականացվող ներդրումների խթանմանը.
  • ՀՀ-ի կրթական համակարգի՝ միջազգային կրթական համակարգին ինտեգրման աստիճանի բարձրացմանը:

 

3) ՀՀ մուտքի վիզաների աստիճանաբար վերացումը, որը տեղի է ունենում ՀՀ-ում (ԱՄՆ, ԵՄ անդամ երկրների համար մուտքի վիզաներն արդեն միակողմանիորեն վերացվել են), ապահովում է երկրի գրավչության աճն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Հիմնադրամն առաջարկում է շարունակել այդ գործընթացը՝ ելնելով հետևյալ երեք հայտանիշներից՝

 

. Վերացնել վիզային ռեժիմը բոլոր զարգացած երկրների համար (OECD երկրների և մնացած այլ եվրոպական երկրների համար, որոնց համար դեռևս պահպանված է վիզայի ռեժիմը), որոնց քաղաքացիները կազմում են աշխարհում արտագնա զբոսաշրջության հիմնական մասը[2].

. Հիմնվելով միջազգայնորեն ճանաչված տեղաշարժի ազատությունը բնութագրող ռեյտինգային համակարգի վրա՝ վերացնել վիզային ռեժիմներն այն երկրների համար, որոնք ունեն այդ ազատության առավելագույն ցուցանիշները (տես՝ Հավելված 4).

 

. Վերացնել վիզային ռեժիմը Չինաստանի Հանրապետության համար՝ հիմք ընդունելով Չինաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարևորության աստիճանը ՀՀ-ի համար և ելնելով նրանից, որ Չինաստանի Հանրապետությունը զբոսաշրջիկների քանակով 2015 թվականի դրությամբ համարվում է աշխարհի առաջատար երկրների մեկը (120 մլն[3] արտագնա զբոսասշրջություն, որի մեջ ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը կազմել է ընդամենը 1606 հոգի[4]): Սա նշանակում է, որ Չինաստանի Հանրապետությունից ՀՀ մուտք գործող զբոսաշրջիկների թիվը կազմում է Չինաստանի Հանրապետությունից այլ երկրներ մուտք գործող ընդհանուր զբոսաշրջիկների թվի ընդամենը 0.001 %-ը: Հետևաբար, ակնհայտ է, որ ՀՀ-ում Չինաստանի Հանրապետությունից զբոսաշրջիկների աճի բավականին մեծ անհրաժեշտություն կա[5]:

 

4) Աշխատաշուկայի իրավիճակը ՀՀ-ում, չնայած գործազրկության բարձր աստիճանի (18-20%), բնութագրվում է նաև մի շարք կարևորագույն մասնագիտությունների գծով դեֆիցիտով: Այդ առումով, օտարերկրացիների՝ ՀՀ-ում աշխատելու սահմանափակումների թեթևացումը կամ վերացումն էականորեն կարող է նպաստել անհավասարակշռության վերացմանը, և երկիրը գրավիչ դարձնել մի շարք օտարերկրյա մասնագետների համար: Միևնույն ժամանակ, այն ոլորտները, որտեղ բարձր է գործազրկությունը, ելնելով աշխատավարձերի սահմանափակումներից, գրավիչ չեն լինի օտարերկրացիների համար, այսինքն, այն մտավախությունը, որ օտարերկրացիները կստեղծեն լրացուցիչ ճնշում ՀՀ-ում աշխատաշուկայի այն հատվածներում, որտեղ բարձր է գործազրկությունը, հիմնավորված չէ, քանի որ օտարերկրացիների աշխատուժի արժեքը տեղականի համեմատ էականորեն ավելի բարձր է: Այսպիսով, ՀՀ աշխատաշուկան կհամալրվի որակյալ մասնագետներով անհրաժեշտ ոլորտներում: Բացի այդ, նշված առաջարկները նաև ավելացնում են գործատուի ազատության աստիճանը և ընտրության հնարավորությունը՝ տեղական կամ օտարերկրացի աշխատողներ ընտրելու հարցում:

5) Որպես օտարերկրյա ներդրումների խթանման գործիք առաջարկվում է շատ երկրներում օգտագործվող ներդրումային ներգաղթային քաղաքականությունը[6], համաձայն որի՝ այն օտարերկրյա անձը, որը համապատասխան ներդրումներ է կատարել անշարժ գույքի կամ ձեռնարկատիրության ոլորտում, ստանում է կացության կարգավիճակ՝ կախված այդ ներդրումների չափից:

6) Ելնելով մի շարք երկրների փորձից[7]՝ նպատակահարմար է ՀՀ-ում մագիստրատուրայի և ասպիրատուրայի օտարերկրյա շրջանավարտներին տրամադրել աշխատանքի իրավունք, որը կնպաստի ՀՀ բուհական համակարգի՝ միջազգայնորեն ճանաչմանը և կարող է օգնել հաղթահարելու կառուցվածքային անհավասաակշռության հարցերն աշխատաշուկայում: Առաջարկվում է նաև հավասարեցնել տեղացի և օտարերկրյա ուսանողների աշխատանքային իրավունքները՝ ուսումնառության ընթացքում համապատասխան ԲՈՒՀ-ում աշխատելու վերաբերյալ, որը ևս կարող է նպաստել ՀՀ-ի բուհական համակարգի գրավչության աճին օտարերկրյա ուսանողների համար:

7) Բացի վերոնշյալ խնդիրների լուծումներից, առաջարկվում է նաև արտաքսման վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:

Առաջարկություններ

Վիզայի տրամադրման ընթացակարգեր

1. Առաջարկվում էընդլայնել այն երկրների/տարածքների ցանկը, որոնց քաղաքացիները բոլոր տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում ազատվում են ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

 

Մասնավորապես, ներառել հետևյալ երկրները`

 

ա. OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) բացակայող երկրները [8], մասնավորապես ՝

Աղյուսակ 1.

Հ/հ

Առաջարկվող Երկրներ

1

Ավստրալիա

2

Կանադա

3

Իռլանդիա

4

Չիլի

5

Նոր Զելանդիա

6

Ճապոնիա

7

Իսրայել

 բ. Բացակայող եվրոպական երկրները/տարածքները, մասնավորապես՝


Աղյուսակ 2.

Հ/հ

Առաջարկվող Երկրներ

1

Սերբիա

2

Մակեդոնիա

3

Ալբանիա

4

Բոսնիա և Հերցոգովինա

 գ. Henley & Partners ընկերության ամենամյա թողարկվող վիզայի սահմանափակումների ցուցանիշի ցանկից[9] առավել վստահելի[10] բացակայող երկրներ/տարածքներ, մասնավորապես՝


Աղյուսակ 3.

Հ/հ

Առաջարկվող Երկրներ

1

Սինգապուր

2

Բահամներ

3

Մալդիվներ

4

Բրյունեյ Դարուսալամ

5

Հոնգ Կոնգ (Չինաստանի ՀՎՇ)

6

Մակաո (Չինաստանի ՀՎՇ)

 դ. Առաջարկվում է նաև առանց վիզայի մուտքի ռեժիմը սահմանել Չինաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ հաշվի առնելով աշխարհում Չինաստանի Հանրապետությունից տուրիստական բարձր հոսքերը[11]:

2. Կացության կարգավիճակի տրամադրման ընթացակարգեր

2.1. Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը

2.1.1. Որպես ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հիմք` ավելացնել նաև օտարերկրյա այն աշխատողներին, որոնք ընդգրկված են այն բոլոր աշխատանքի տեսակները/մասնագիտությունները նախատեսող ցանկում[12], որոնց հիմքով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածով ազատված են աշխատանքի թույլտվության ստացման պահանջից, ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրել աշխատանքային պայմանագրի ողջ ժամկետով և պարտադրել գործատուին ներկայացնել ամենամյա հավաստում օտարերկրյա աշխատողի վերաբերյալ (Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետ):

2.1.2. ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսնուն կամ մերձավոր ազգականին (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման փոխարեն տալ մշտական կացության կարգավիճակ (Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետ):

2.1.3. Օրենքով նախատեսված «ձեռնարկատիրական գործունեության» համար սահմանել ներդրումների նվազագույն շեմ Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս՝ համապատասխանաբար 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարի/դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետ):

2.1.4. Ժամանակավոր կացության տրամադրման համար Օրենքով ազգությամբ հայ լինելու պահանջը հանել (Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետ):

3. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

3.1. Օրենքում սահմանել դրույթ, համաձայն որի՝ ՀՀ տարածքում ներդրումներ կատարելու դեպքում (երկու տեսակի ներդրումներ՝ ներդրումներ անշարժ գույքի մեջ և ներդրումներ ձեռնարկատիրական գործունեության մեջ, ընդ որում՝ սահմանել ներդրումների նվազագույն շեմ Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս՝ համապատասխանաբար 100.000 և 50.000 ԱՄՆ դոլարի/դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով)՝ ներդրում կատարողին տալ մշտական կացության կարգավիճակ[13]:

3.2. Սահմանել, որ վերոնշյալ ներդրումներ իրականացնող ցանկացած օտարերկրյա քաղաքացի կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով[14] ներդրումների կատարումից երկու տարի անց:

3.3. Մշտական կացության կարգավիճակը տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող 5 տարվա փոխարեն:

3.4. Նախատեսել մշտական կացության կարգավիճակի ժամկետի ավարտից հետո դրա երկարաձգման գործընթաց, պայմանով, որ մշտական կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը պահպանվել են մշտական կացության կարգավիճակի երկարաձգման համար դիմումի ներկայացման պահի դրությամբ: Այդ դեպքում պետական տուրքի դրույքաչափը համապատասխանաբար կրկնապատկել:

3.5. Սահմանել, որ օտարերկրյա քաղաքացին կարող է գտնվել ՀՀ տարածքում նրա օրինական գտնվելու ժամկետը լրանալուց հետո, եթե կա անհաղթահարելի ուժի առկայություն: Սահմանել օտարերկրյացու՝ ՀՀ տարածքում մնալու օրինական հիմքերը (Օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածներ):

 

4. Աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգ

4.3. Կացության կարգավիճակի և աշխատանքի թույլտվության տրամադրման համար կիրառել «մեկ պատուհանի» սկզբունքը, ՀՀ-ում դա տրամադրվում է տարբեր մարմինների կողմից[15].

 

4.4. Հանել այն պահանջը, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար» (Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս):Փոխարենն առաջարկվում է աշխատողի ընտրության հարցը թողնել գործատուի հայեցողությանը, այն է՝ գործատուն իր կողմիցառաջադրված օտարերկրյա թեկնածուի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար պետք է դիմի լիազոր մարմին` առանց տեղական շուկայում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իր մոտ եղած թափուր աշխատատեղը լրացնելու պարտադիր պահանջի:

 

4.5. Այդ կապակցությամբ առաջարկում ենք նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մերժման հիմքերից հանել Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետը և 22-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետը :

 

4.6. ՀՀ կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին տալ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու իրավունք: Այդ հարցը դուրս է մնացել Oրենքի կարգավորման շրջանակներից:

 

4.7. ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին ուսումնառության ընթացքում թույլատրել աշխատելու այդ ուսումնական հաստատություններում, իսկ հետբուհական կրթությունն ավարտելուց հետո մեկ տարով ժամկետով՝ երկարաձգել կացության կարգավիճակի ժամկետը, ինչպես նաև տալ աշխատանքի թույլտվություն, որը օտարերկրացի շրջանավարտին մեկ տարվա ընթացքում հնարավորություն կընձեռի օրինական կարգով մնալու ՀՀ տարածքում՝ աշխատանք գտնելու պայմանով: Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու դեպքում վերջինիս աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի ժամկետները երկարաձգվում են գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա: Ընդ որում, գործատուն պարտավոր է իր մոտ աշխատանքի ընդունվող օտարերկրացու վերաբերյալ, ինչպես նաև վերջինիս հետ պայմանագիրը խզելու դեպքում տեղեկություններ հաղորդել լիազոր մարմնին:

 

4.8. Առաջարկվում է կիրառել գործատուների համապատասխանության (employer compliance) սկզբունքը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպես օրինակ` Կանադայում[16], այն գործատուների համար, որոնք ցանկանում են վարձել օտարերկրացի աշխատողներ: Այդ նպատակով առաջարկվում է սահմանել այն չափորոշիչները, որոնց բավարարելու դեպքում գործատուն իրավունք կունենա վարձել օտարերկրյա աշխատող, ինչպես նաև հնարավորություն ընձեռել լիազոր մարմնին՝ ստուգելու նշված գործատուի համապատասանությունը սահմանված չափորոշիչներին:

 

5. Արտաքսման ընթացակարգեր

5.1. Օրենքում ՀՀ-ից կամավոր հեռանալու հիմքերում (Օրենքի 30-րդ հոդված) արտացոլված չէ այն դեպքը, որի համաձայն՝ առանց մուտքի վիզայի ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կամավոր լքել ՀՀ տարածքը՝ ՀՀ-ում գտնվելու օրինական ժամկետի ավարտից հետո:

Առաջարկվում է Օրենքով սահմանել դրույթ, որի համաձայն՝ առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիները պարտավոր են լքել երկրի տարածքը Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետի ավարտից հետո, այն է՝ մեկ տարվա ընթացքում 180 օր, իսկ կամավոր չհեռանալու դեպքում ենթակա են արտաքսման:

 

5.2. Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցման հոդվածում (Օրենքի 31-րդ հոդված) արտաքսման դեպքերը լրացնել հետևյալ դեպքով՝ օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործ է հարուցվում, եթե վերջինս ՀՀ տարածք մուտք է գործել անօրինական կերպով: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի՝ պետական սահմանն ապօրինի հատելը պատժվում է միայն տուգանքով կամ ազատազրկմամբ, և գործող օրենսդրությամբ չի նախատեսվում արտաքսում:

 

5.3. Սահմանել, որ մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու հիմքով (Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ) արտաքսման մասին որոշումը կայացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը[17], այլ ոչ թե դատարանը (գործող Օրենքով արտաքսման մասին որոշումը բոլոր դեպքերում ընդունում է դատարանը), ինչպես նաև սահմանել նման որոշում ընդունելու ժամկետներ:

 

5.4. ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից արտաքսման վերաբերյալ գործի հարուցման և/կամ դատարան ներկայացնելու ժամկետ սահմանել, քանի որ գործող Օրենքի 31-րդ հոդվածով միայն սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:

 

5.5. Արտաքսման մասին որոշմամբ տրամադրել կամավոր վերադարձի ժամանակահատված[18], ժամանակահատվածը օրենքով սահմանել յոթից երեսուն օր, կամավոր վերադարձի ժամանակահատված չտրամադրել կամ տրամադրել յոթ օրից պակաս ժամանակահատվածով, եթե առկա է թաքնվելու վտանգ, սպառնալիք հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և այլն (ներկայումս արտաքսման օրը սահմանվում է դատարանի կողմից): Գործող օրենքով չի սահմանվում կամավոր վերադարձի ժամանակահատված, Օրենքի 30-րդ հոդվածում նշվում են այն դեպքերը, երբ օտարերկրացին պետք է կամավոր վերադառնա՝ առանց նշելու, թե ինչքան ժամանակ է հատկացնում դրա համար:

 

5.6. Օրենքում սահմանել, որ կամավոր վերադարձի ժամանակահատվածի ընթացքում երկիրը լքած օտարերկրացիներին ՀՀ մուտքի իրավունք չի տրամադրվի 1 տարվա ընթացքում: Գործող օրենքում ներկայումս սահմանված է (Օրենքի 8-րդ հոդված), որ օտարերկրացու մուտքը ՀՀ արգելվում է, եթե վերջինս արտաքսվել է ՀՀ-ից և արտաքսման մասին որոշման ուժը մտնելու պահից չի անցել երեք տարի:

 

5.7. Օրենքում սահմանել, որ արտաքսման հարկադիր իրականացումը կատարվում է կամավոր վերադարձի ժամանակահատվածի ավարտից 10 օրվա ընթացքում, ինչպես նաև առաջարկվում է սահմանել այն դեպքերը, որոնց պարագայում հարկադիր արտաքսումն իրականացվում է կամավոր վերադարձի ժամանակահատվածի ավարտը լրանալու պահից՝ անմիջապես[19]: Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելու հոդվածում (Օրենքի 36-րդ հոդված) միայն նշված է, որ ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ի կատար է ածում արտաքսման մասին որոշումը:

 



[1] տես՝ Հավելվածներ 1, 2, 3 և 4

[2] Հարավային Կորեան ապահովում է ընդհանուր զբոսաշրջության մեջ՝ 13,7 մլն զբոսաշրջիկ 2012 թվականի դրությամբ

Աղբյուրը՝ http://trade.gov/topmarkets/pdf/Travel_and_Tourism_South_Korea.pdfhttps://www.stb.gov.sg/statistics-and-market-insights/marketinsights/stb%20market%20insights%20-%20south%20korea.pdf

Ճապոնիան ապահովում է ընդհանուր զբոսաշրջության մեջ՝ 17,5 մլն զբոսաշրջիկ 2013 թվականի դրությամբ

Աղբյուրը՝ http://trade.gov/topmarkets/pdf/Travel_and_Tourism_Japan.pdf

 

[3] Աղբյուրը՝ China Travel Guide

[4] Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական տարեգիրք 2015

[5] ՀՀ-ի տեսակարար կշիռը համաշխարհային բնակչության մեջ կազմում է 0.05%, սա նշանակում է , որ Չինաստանի Հանրապետությունից զբոսաշրջության ավելացման ռեզերվը կարող է աճել մոտավորապես 50 անգամ:

[6] ԱՄՆ, Կանադա, ԵՄ անդամ երկրներում

[7] Կանադա, ԱՄՆ, ԵՄ անդամ մի շարք երկրներ

[8] Աղբյուրը` http://www.oecd.org/about/membersandpartners/#d.en.194378

[9] Աղբյուրը`https://www.henleyglobal.com/files/download/HP/hvri/HP%20Visa%20Restrictions%20Index%20160223.pdf

[10] Որոնց քաղաքացիները կարող են ճանապարհորդել առանց վիզայի առավելագույն քանակությանմբ երկրներ

[11] Աղբյուրը՝ China Travel Guide

[12] Առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներ

[13] Համանման մեխանիզմներ գործում են ԱՄՆ-ում, Կանադայում, ԵՄ անդամ երկրներում

[14] Վերցված է ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Կանադայի, ԵՄ անդամ մի շարք երկրների օրինակներից:

[15] համաձայն միջազգային փորձի՝ այդ մարմինը հիմնականում հանդիսանում է Միգրացիայի կամ Իմիգրացիայի համար պատասխանատու ծառայությունը կամ գործակալությունը

[16] http://www.esdc.gc.ca/en/foreign_workers/employers/employer_compliance.page

[17] Փորձը վերցված է Վրաստանի օրինակից

[18] ԵՄ կանոնագիրք

[19] Նմանատիպ դրույթ գործում է Ֆրանսիայում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները