e-guillotine

«Կարգավորիչ գիլյոտինի» համար կծախսվի 2 մլն դոլար

2012.07.11 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, այսպես ասած՝ «կարգավորիչ գիլյոտինը», արդեն գործում է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը, իրենց հիմնական նպատակն օրենսդրական դաշտի, իրավական ակտերի պարզեցումն է ու մոտ 30%-ով կրճատումը (այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26 հզ. իրավական ակտ), որպեսզի «քաղաքացին պետության հետ շփվելիս իրեն լավ զգա»:

Կենտրոնը գրեթե ավարտել է հանրային ծառայությունների ոլորտի ուսումնասիրությունը, նախապատրաստում է առաջարկներ, ուսումնասիրելու է նաև հասարակական տրանսպորտի, առողջապահության, կրթության ոլորտները, իսկ մյուս տարի ձեռնամուխ կլինի հարկային և մաքսային ոլորտներին:

«Մեկ ամսում կառավարությանը կներկայացնենք հեռահաղորդակցության հետ կապված առաջարկությունները»,- ասաց Ա. Եղիազարյանը` շեշտելով նաև, որ «լուրջ մտած են տաքսիների կարգավորման ոլորտ», ու պետք է որոշել` տաքսու վարորդները պե՞տք է լինեն համազգեստով, սափրված, և պե՞տք է գործի որոշ տարիքային սահմանափակում, թե՞ պետք է դաշտն ազատ թողնել:

Միաժամանակ, Ա. Եղիազարյանը նկատեց, որ մեր երկրում և՛ օրենքներն են վատը, և՛ դրանք չեն գործում. «Լավ օրենքի հետ լավ մտադրություն պետք է լինի, որ կատարվի: Տանգո է: Երկուսն են պետք»:

«Առաջին լրատվական»-ի հարցին` կենտրոնը քանի՞ աշխատակից ունի, և բյուջեն որքա՞ն է, Ա. Եղիազարյանը պատասխանեց, որ ֆինանսավորումը համատեղ է. աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը (դրամաշնորհ է), հրավիրվելիք օտարերկրյա փորձագետներին վճարում են ՀԲ-ն և USAID-ն, տարածքները, սարքավորումները և գույքը տրամադրվել են ՀՀ կառավարության կողմից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն աջակցում է հասարակայնության հետ կապերի և գենդերային հավասարության բաղադրիչում, իսկ ԵԱՀԿ-ն բոլոր դոնորների կոորդինատորն է և կենտրոնին աջակցում է կազմակերպչական մի շարք հարցերում: Պետք է լինի 24 աշխատող, ներկայում 22-ն են, մյուս երկու աշխատակիցները կհամալրվեն աշնանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը 2 տարվա է, և ամբողջ ծրագիրն արժե 2 միլիոն դոլար: «Երկու տարում մեր աշխատավարձերին գնալու է 0.5 մլն եվրո գումար: Սարսափելի բարձր աշխատավարձեր չեն»,- հավաստիացրեց Եղիազարյանը:

Մեր դիտարկմանը՝ կառավարությունը որոշում էր ընդունել, որ այլևս արտասահմանյան փորձագետներ չեն հրավիրվելու վարկային միջոցների հաշվին, Ա. Եղիազարյանը պատասխանեց՝ նրանք «մեր միջոցներից չեն հրավիրվելու, ՀԲ-ի և USAID-ի գրանտի հաշվին են, իսկ վարկայինը միայն տեխնիկական միջոցների ձեռք բերման համար է ծախսվելու»:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները