e-guillotine

Բիզնեսի կարգավորում պարունակող իրավական ակտերի 30%-ը առաջիկա 2 տարում կկրճատվի

2012.07.11 Ներկայումս Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր, սակայն նախատեսվում է դրանց մոտ 30%-ը կրճատել, իսկ 20%-ը՝ պարզեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր գործունեության ընթացքում ուսումնասիրում է կոնկրետ ոլորտի՝ բիզնեսի և քաղաքացու վրա ազդեցություն ունեցող կարգավորումներ պարունակող իրավական ակտերը, նկարագրում բիզնես գործընթացները և, համադրելով դրանք միջազգային լավագույն փորձի հետ, պատրաստում է համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթ և ներկայացնում Բարփոխումների խորհրդի հաստատմանը՝ նպատակ ունենալով թեթևացնել բիզնեսի և քաղաքացու ուսերին ընկնող բեռը:

Ա.Եղիազարյանը նշեց, որ այժմ կենտրոնն աշխատում է հանրային ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), տրանսպորտի (մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ, ներպետական բեռնափոխադրումներ) և առողջապահության (դեղեր, դեղանյութեր, կենսակտիվ հավելումներ, բնակչության բժշկական օգնություն և սպասարկում և այլն) ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ: Ըստ նրա՝ հետագայում աշխատանքներ կիրականացվեն կրթության և շինարարության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ:

Նա տեղեկացրեց, որ արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ: «Ժամանակն է, որպեսզի հասարակությունն իմանա, որ նման կառույց կա, քանի որ խնդիրները բացահայտելու համար մեզ անհրաժեշտ է բնակչության աջակցությունը»,- ասաց Ա.Եղիազարյանը:

Նա հայտնեց, որ իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի: «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:

Նշենք, որ ՀՀ Նախագահի նախորդ տարվա հրամանագրով նախանշվել են բարեփոխումների 17 ոլորտներ, որոնք ընդգրկում են մեր երկրում կարգավորումների ենթարկվող ամբողջ դաշտը՝ հանրային ծառայություններից մինչև սպորտի և երիտասարդության հարցեր:

Այդ նպատակով 2011թ-ին ստեղծվել է ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և Ավստրիայի զարգացման գործակալությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները