e-guillotine

Արմեն Եղիազարյան. պետական կառավարման համակարգում պետք է ծառայի ազգի էլիտան

2013.01.10
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

ՀՀ կառավարությանն առընթեր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, փաստորեն, սկսեց ձևավորվել անցյալ տարվա երկրորդ կեսին և արդեն հանդես է եկել վարչական խոչընդոտների կրճատման և գործարար մթնոլորտի բարելավման վերաբերյալ մի շարք լուրջ նախաձեռնություններով: Նախորդ տարվա առաջին թեման հաղորդակցման և կապի ոլորտն էր, որտեղ «կարգավորիչ գիլյոտինը», ուսումնասիրելով շուկայում տիրող իրավիճակը, կառավարությանն առաջարկեց լրջորեն բարեփոխել լիցենզավորման համակարգը և ընդհանրապես հանել ինտերնետ-նատակարարների, ձայնային կապի և ցանցերի կառուցման ոլորտների լիցենզիաները: Այն մասին, թե ինչպիսի կարգավորիչ նորամուծություններ են մեզ սպասվում առաջիկայում, ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը խնդրել է պատմել Կենտրոնի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանին:

Պարո՛ն Եղիազարյան, ե՞րբ է սպասվում կառավարության որոշման ընդունումը՝ կապված հեռահաղորդակցության ոլորտի հետ:
Այն արդեն ընդունվել է: Արդյունքում, տնտեսվարող սուբյեկտներն այլևս չեն ստանա լիցենզիաներ, որոնցով իրավունք են ստանում մատուցելու տվյալների փոխանցման և ձայնային կապի ծառայություններ: Կան նաև ցանցերի կառուցման լիցենզիաներ, որոնք նախատեսվում է վերացնել մեկ տարուց՝ ենթաօրենսդրական որոշ ակտերի համապատասխան փոփոխություններից հետո: Խոսքը գնում է նաև ծառայությունների որակի կարգավորման մասին:

Կարելի՞ է ենթադրել, որ Կենտրոնը հակված է հեռանալ հեռահաղորդակցության և կապի ոլորտի լիցենզավորման գործընթացներից:
Մենք կողմ ենք նման պրակտիկայից հրաժարվելուն: Օրինակ, «Բիլայնի» պարագայում մենք գործ ունենք ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման իրավունքի լիցենզիայի հետ: Գտնում եմ, որ այդ գործունեությունը լիցենզավորելը նպատակահարմար չէ: Եթե լիցենզավորման կողմնակիցները գտնում են, որ այն անհրաժեշտ է առանձին գյուղերը հեռախոսացնելու համար, ապա մենք գտնում ենք, որ այդ հարցը լրիվ լուծելի է դառնում շարժական կապի պարագայում, քանի որ ներկայումս Հայաստանում շարժական կապի տարբեր օպերատորների բաժանորդներն ավելի շատ են, քան երկրի բնակչութունը: Լիցենզավորման ենթակա պետք է լինեն միայն օգտագործվող ռադիոհաճախականությունները, ինչպես նաև կապի օպերատորների հեռախոսահամարների սկզբնական կոդերը: 

Իսկ գերատեսչություները կառչո՞ւմ են կարգավորումից:
Անկասկած է, որ կոնֆլիկտային իրավիճակ գոյություն ունի: Բայց այս պարագայում մենք լիակատար փոխըմբռնում ենք ձեռք բերել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ նրանց հետ համաձայնեցնելով բոլոր լուծումները: Հետևաբար, ինչպես ցույց է տալիս այդ հանձնաժողովի հետ մեր աշխատելու փորձը, կոնֆլիկտից հնարավոր է խուսափել, անգամ, եթե գերատեսչությունները զրկվում են իշխանական լծակներից:

Էլ ո՞ր գերատեսչություններին եք պատրաստվում «նեղացնել»:
Մեր ուսումնասիրությունների հաջորդ ոլորտը էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտն է: Այստեղ լիցենզավորման ենթակա է վերականգնվող հզորությունների շինարարությունը և շահագործումը, ինչպես նաև ջրօգտագործումը:

Բայց չէ՞ որ դա բնական մոնոպոլիաների գործունեության ոլորտն է:
Իրականում այդպես չէ: Մոնոպոլ գործունեության օբյեկտ են հանդիսանում միայն բաշխիչ և փոխանցող ցանցերը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գեներացիայի լիցենզավորմանը, ապա այն կպահպանվի, բայց այստեղ անհրաժեշտ է կրճատել բյուրոկրատիան, քանի որ միևնույն սուբյեկտը ստիպված է լինում սկզբում լիցենզիա ստանալ էլեկտրակայանի շինարարության, հետո դրա շահագործման, իսկ հետո էլ՝ շահագործման առաջին 15 տարիների համար ՀԾԿՀ-ում հաստատել արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ հետագայում այդ սակագինը պետք է նվազի: Իսկ փոքր ՀԷԿ-եր շահագործող ընկերությունները պետք է 15 տարի անց երկարաձգեն իրենց լիցենզիաների գործողության ժամկետը: Լիցենզիոն բեռի թեթևացումը էներգագեներացիոն ընկերությունների համար անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ներկայումս իրականացվում է փոքր ՀԷԿ-երի շինարարության մոտ 120 նախագիծ:

Էներգետիկ գործունեության ոլորտի կարգավորման հաջորդ խնդիրն է ցանցին նոր բաժանորդների միացման ընթացակարգը, քանի որ այս ցուցանիշով Հայաստանը Doing Business 2012 վարկանիշում զբաղեցրել էր 150-րդ տեղը, իսկ այժմ բարձրացել է և գտնվում է 100-րդ տեղի մոտակայքում: Մյուս կողմից, եթե համեմատենք ցանցին միանալու արժեքը մյուս երկրների հետ, ապա մեր երկրում այն բավական մեղմ է: Ինչ վերաբերում է միացման ժամկետներին, ապա Կենտրոնն առաջարկություններ է մշակել դրանք կրճատելու ուղղությամբ, սակայն այս ցուցանիշը զգալիորեն կրճատելու տեղ պարզապես չունենք: ՀԾԿՀ ներկայացուցիչները համաձայնվեցին նաև, որ նոր բաժանորդներին ցանցին միացնելու աշխատանքները կարող են իրականացնել նաև այլ ընկերություններ, բացի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» այն բաժանորդներից, որոնց էլեկտրամատակարարումը կիրականացվի 6.36 կիլովատից ոչ պակաս լարումով, եթե նրանք ցանկանում են: Ընդհանուր գաղափարը կայանում է նրանում, որպեսզի արագացվի ցանցին խոշոր կորպորատիվ բաժանորդների միացման ընթացակարգը, որոնք ի վիճակի չեն ամիսներով, գուցե և մեկ տարով, սպասել իրենց հերթին: Հնարավոր է, որ հետագայում նորամուծությունները վերաբերվեն նաև փոքր և միջին բիզնեսին:

Իսկ ջրամատակարարմա՞ն ոլորտում:
Նման փորձն արդեն գործում է նաև ջրամատակարարման ոլորտում, երբ բաժանորդին տրամադրվում է միացման կետը, իսկ վերջինս իր հայեցողությամբ ներգրավում է մասնագիտացված ընկերությանը: Սակայն այս ոլորտում միացման հարցը չի կարգավորվում, այստեղ հարցը լուծում է պահանջում ժամկետների սահմանման առումով:

Իսկ ջրա- և էնեգամատակարարման ցանցին միանալու գծով շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պե՞տք է լիցենզավորվեն: 
Այդ ոլորտի կառուցապատողները ստանում են շինարարական գործունեության, այսպես կոչված, «ընդհանուր» լիցենզիա, բայց շինարարական աշխատանքների իրականացման թույլտվությունը կարող են ստանալ միայն փորձի և մասնագետների առկայության դեպքում: Նշեմ, որ պրոբլեմներ կան նաև գազամատակարարման կարգավորման ոլորտում, և Կենտրոնն արդեն սահմանել է այդ ոլորտի բարեփոխումների սկզբունքները: Բանն այն է, որ գործող կարգավորումները «Հայռուսգազարդի» կողմից իրականացվում էին երկրի գազաֆիկացման ծրագրի շրջանակներում, որը հիմնականում ավարտվել է և գազիֆակացման մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Նշեմ նաև, որ Կենտրոնը ուսումնասիրել է նաև ոլորտի գնագոյացման մեխանիզմները: Այստեղ մոնոպոլիստ հանդիսացող «Հայռուսգազարդը» ինչ-որ պայմաներ է թելադրում բիզնեսին և բնակչությանը: Մենք բարձրացրեցինք այդ պրակտիկան արմատախիլ անելու հարցը, և հուսով եմ, որ այն կլուծվի: Անկասկած, ընկերությունը պետք է անվտանգ դարձնի գազօգտագործումը, և պետք է դրա «գինը» ավելացնի գազի սակագին, բայց չպետք է իրենից «հնարի» նոր ծառայություններ ու սահմանի դրանց գները: Եվ մենք արդեն բացահայտել ենք նման բազմաթիվ ծառայություններ, որոնք ես անվանում եմ «հայկական աուտսորսինգ»: Կենտրոնը հակված է, որպեսզի գները նույնպես հաստատվեն ՀԾԿՀ-ի կողմից:

Ընդհանրապես, տարբեր ոլորտներում մենք բացահայտել ենք բազմաթիվ դեպքեր, երբ կարգավորող մարմինները և մոնոպոլ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտները տրամադրում են հնարովի ծառայություններ, ընդ որում, չվերահսկվող գներով, իսկ բիզնեսը և բնակչությունը ստիպված են վճարել դրա դիմաց: Դրա դասական օրինակն է նոտարի ծառայությունները, որոնք, միավորվելով ինքնակարգավորվող ասոցիացիայի մեջ, սկսեցին իրենք սահմանել իրենց ծառայությունների, ընդ որում, պարտադիր գները: Սակայն պետությունը խոչընդոտեց այդ արատավոր գործունեությանը՝ հանելով նոտարական պարտադիր հաստատումները: Օպտիմալ տարբերակ եմ համարում այն, երբ պետությունը պարտավոր կերպով սահնմանում է բոլոր այն ծառայությունների գները, որոնք պարտադիր են: 

Է՞լ ինչ աշխատանքներ է իրականացնում կենտրոնը հանրային ծառայությունների կարգավորումներն ուսումնասիրելու ոլորտում:
Առաջին հերթին, Կենտրոնը ևս մեկ անգամ կդիտարկի գնագոյացման հարցերն այդ ոլորտներում և համապատասխան առաջարկներ կներկայացնի ՀԾԿՀ-ին: Իսկ ընդհանրապես, կարգավորման դաշտի ուսումնասիրման աշխատանքներ են ներկայումս իրականացվում առողջապահության, կրթության, ձեռնարկատիրության կարգավորման, ֆինանսական հարաբերությունների, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում:

Առողջապահությունը հետաքրքիր, բարդ ու արդիական թեմա է:
Առողջապահության ոլորտի հետազոտությունները գործնականում ավարտել ենք: Կարգավորման առումով իրավիճակն այստեղ բավականին վատ է, իսկ այդ իրավիճակի առաջացման պատճառը թաքնված է հենց առողջապահության համակարգում, քանի որ այդ ոլորտում մատուցվում են 34 տեսակի տարբեր ծառայութոյւններ: Օրինակ, մարդն ինչ-որ ցավով դիմում է հիվանդանոց՝ հույս ունենալով, որ պետպատվերի շրջանակներում կարող է բուժվել, բայց նրան ասում են, որ պետպատվերի համար նախատեսված միջոցները վերջացել են... Կամ էլ պոլիկլինիկայում կարող են ասել, որ անվճար ռենտգենային հետազոտությունը կարող է լինել անորակ, և եթե ցանկանում եք ստանալ որակյալ ծառայություն, ապա դիմեք հարևան հիվանդանոց, կամ էլ վճարեք...

Իմ կարծիքով, հարցերն ամենից լավ լուծված են բրիտանական առողջապահության համակարգում, որտեղ միմյանց զուգահեռ գործում են անվճար, ապահովագրական և վճարովի առողջապահությունները: Միևնույն ժամանակ, այնտեղ անվճար էլ է կարելի ստանալ ցանկացած բժշկական օգնություն: Հուսով եմ, որ Հայաստանում քաղաքական լուծում կտրվի՝ առողջապահությունը վերոնշյալ սկզբունքներով բաժանելուն:

Իսկ կրթությա՞ն ոլորտում:
Կրթության ոլորտում էլ կան պրոբլեմներ, բայց դրանք, իմ կարծիքով, ավելի քիչ են, քան առողջապահությունում: Կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցներում, աշակերտների կամ ուսանողների 10-15 տոկոսն իրոք սովորում է և գիտելիքներ է ստանում՝ անկախ տվյալ ուսումնական հաստատության որակից: Ի դեպ, գրեթե նման վերաբերմունք է եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում:

Դվար է համաձայնել այդ տոկոսների հետ, սակայն դրանք այնքան էլ չեն գերազանցում ներկայիս իրավիճակը: Կադրեր պատրաստում են թե՛ ընտանիքը, թե՛ դպրոցը, և թե՛ բուհերը: Բայց կարծում եմ, որ վերջին օղակը վերջնականապես փտել է:
Այժմ ինտերնետի դար է, համացանցում կա ցանկացած գրականություն, և եթե ուսանողին այն պետք է, ապա կարդում է, զբաղվում է ինքնակրթությամբ՝ եթե բուհը նրան ոչինչ չի տալիս: Համակարգն ուսանողին չի ստիպում գիտելիքներ ստանալ միայն նրա համար, որ այն առևտրայնացված է, ինչը, իմ համոզմամբ, լիովին սխալ մոտեցում է:

Իսկ կա՞ արդյոք Ձեր նշած 15-տոկոսանոց սահմանագիծը հատելու հնարավորություն:
Այդ սահմանագիծը հատելն ուղղակիորեն կախված է կրթության որակից: Կրթության համակարգն ուղղակիորեն կապված է ուսուցիչների և դասախոսների հետ, և առանց կադրային հարցեր լուծելու դժվար է այն բարեփոխել: Գտնում եմ, որ հայկական բուհերում անհնար է վերցնել ու փոխել կրթության համակարգը, քանի որ այն կապված է մարդկանց հետ, այն, պարզապես, հարկավոր է կառուցել նորից:

Իսկ կարգավորման հետ կապված ինչպիսի՞ հարցեր պետք է լուծվեն այդ ոլորտում:
Նախադպրոցական և դպրոցական կրթության ոլորտներում առանձնահատուկ կարգավորիչ խնդիրներ չկան, քանի որ այս ոլորտներում մասնավոր հաստատությունների քանակը փոքր է: Ընդհանրապես, գտնում եմ, որ կրթության և առողջապահության ոլորտներում շահույթի ստացման տարրը պետք է հասցվի նվազագույնի, այն չպետք է լինի նպատակ: Եթե, օրինակ, բարձրագույն կրթության ոլորտն առևտրայնացվում է, ապա կանգ է առնում «սոցիալական վերելակը», պետությունը պետք է ուսանողների նկատմամբ գործի դնի հասցեավորված աջակցության մեխանիզմը, ինչպես ԱՄՆ-ում է: Հայաստանում գոյություն ունի նաև բուհում սովորելու պատրվակով զինվորական ծառայութունից խուսափելու պրոբլեմը, և այն, իմ կարծիքով, կարելի է լուծել՝ անվճար սովորելու հնարավորություն տալով բանակում ծառայածներին:

Կենտրոնի կողմից դիտարկվե՞լ են արդյոք «կարգավորիչ գիլյոտինի» կիրառման հարցեր տրանսպորտի ոլորտում:
Այո, կառավարությունն արդեն դիտարկել է առաջարկների համապատասխան փաթեթը: Գտնում ենք, որ երկիրը պետք է վերադառնա ավելի մեծ տարողություն ունեցող հասարակական տրանսպորտին, այսինքն՝ ավտոբուսներին՝, ակտիվացնելով էլեկտրատրանսպորտի օգտագործումը և ավելի շատ ուշադրություն դարձնելով Երևանի մետրոպոլիտենի վրա: Ընդհանրապես, տրանսպորտային խնդիրների կարգավորումը հիմնականում պատկանում են մայրաքաղաքին: Առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաև երթուղային տաքսիների մրցույթների պայմաններում՝ թափանցիկության ապահովման և շահագրգիռ անձանց ազդեցությունը բացառելու նպատակով, ինչպես նաև կատարելագործել մրցույթների իրականացման մեթոդաբանությունը՝ էլեկտրոնային լրատմամիջոցներով շահագրգիռ կողմերին տեղյակ պահելով այդ ամենի մասին: Անհրաժեշտ է լուծել նաև անկանոն տրանսպորտի աշխատանքի կանոնակարգման հարցը: Խոսքը, օրինակ, տուրիստական ծառայությունների և միջազգային ավտոբուսային փոխադրումների ոլորտների մասին է: Փորձում ենք լուծել նաև բեռնափոխադրումների կանոնակարգման հարցը: Ընդգծեմ, որ վերոնշյալ հարցերի լուծման մեջ Կենտրոնը սկզբունքային տարաձայնություններ չունի համապատասխան կարգավորիչ մարմինների հետ: Կան նաև հարցեր, որոնք վերաբերում են երկաթուղային տրանսպորտի ծառայությունների ոլորտին:

Դուք արդեն կես տարի է այս գործում եք, լավատեսությունը չի՞ նվազել:
Ընդհանուր առմամբ, ես չեի կարող պատկերացնել, որ տարբեր ոլորտներում կարգավորումն այսքան բարդ է, ու «որքան խորանում ես, այնքան շատատանում են խնդիրները»: Բայց աշխատանքը հետաքրքիր է, և դա ինձ ավելի է լարում: Մենք արդեն սկսել ենք գտնել պրոբլեմի լուծումները և հուսալ, որ այդ աշխատանքը գոնե ինչ-որ չափով օգտակար կլինի: 

Կա՞ արդյոք Կենտրոնի դերն այն բանում, որ Հայաստանը Doing Business վարկանիշում, 2012 թվականին, 50-րդ տեղից բարձրացավ 32-րդ տեղ:
Մենք դեռ չենք հասցրել դրա վրա ազդել, քանի որ ամբողջ ուժով աշխատում ենք 2012 թվականի մայիսից: Դա առաջին հերթին կառավարության հսկայական աշխատանքի արդյունքն է, ինչը չի կարելի թերագնահատել: Սակայն չի կարելի նաև գերագնահատել, օրինակ, Վրաստանի 9-րդ տեղն այդ վարկանիշում, քանի որ բիզնեսի կյանքը թեթևացնելուց բացի գոյություն ունեն բազմաթիվ այլ գործոններ, որոնք կանխորոշում են բիզնեսի վարման որակը՝ անկախ կարգավորումներից: Այդպես է նաև Հայաստանում՝ երկիրը լիովին կոմպյուտերացված չէ, և ինչքան էլ ինտերնետի արագությունը թույլ տա դիստանցիոն ձևով աշխատել օտարերկրյա գործընկերների հետ, միևնույնն է, տնտեսական զարգացման առումով Հայաստանը դեռ հեռու է, այսպես կոչված, «առաջատար» լինելուց:

Կարելի՞ է համարել, որ Doing Business-ում մենք առաջ գնացինք կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ:
Ոչ միայն: Մեր Կենտրոնի ձևավորումից առաջ էլ Հայաստանում զգալիորեն դյուրացվել էին բաժանորդների էլեկտրական ցանցերին միանալու պայմանները, ինչպես նաև բարելավվել հարկային վարչարարության ցուցանիշները: Մյուս կողմից, ընկերությունների գործունեությունը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությունների վերաբերյալ հարցումների արդյունքներով՝ 2009 թվականին հարցվողները գլխավոր պրոբլեմ էին համարում հարկային բեռը, կոռուպցիան, ինչպես նաև գողությունը, այն ժամանակ, երբ 2005 թվականին գողության պրոբլեմն այդ ցանկում ընդհանրապես բացակայում էր: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածն ընկերություններ գրանցելու և գործունեությունը լիցենզավորելու ընթացակարգերն արդեն պրոբլեմներր չի համարում:

Հե՞շտ է արդյոք Ձեր՝ էկոնոմիկայի նախկին նախարարի համար այդ բոլոր պրոբլեմներն այսօր դիտել կողքից, հատկապես, երբ դա վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարող մարմինների պրոֆեսիոնալիզմին:
Չեի ասի, որ այսօր այդ ամենին կողքից եմ դիտում, ավելի շուտ հիմա դա հայացք է ներքևից, իսկ այն ժամանակ՝ դա հայացք էր վերևից:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում պետական կառավարման համակարգն այսօր: Շա՞տ չեն այսօր բարձր կառավարական պաշտոններ զբաղեցնող այն պրոֆեսիոնալները, որոնք տառացիորեն «գայլի նման ոռնում են» սեփական տկարությունից՝ ի վիճակի չլինելով կյանքի կոչել կառավարության տարրական որոշումները:
Ինչպես ինձ է թվում, կառավարությունը, հասկանալով դա, հենվում է կարգավորումների դյուրացման վրա, ինչն ուղղված է մարդկային գործոնի առավելագույնս բացառմանը, որին կփոխարինեն էլեկտրոնային համակարգերը՝ թեթևացնելով գործերի վարումը պետական ծառայությունների տարբեր բնագավառներում: Առայժմ, ցավոք, պետական ծառայությունների մատուցման որակը բարձր չէ՝ բազմաթիվ սայթաքումների, ինչպես նաև բացահայտ խախտումների պատճառով, սակայն մեղավորներն ինչ-որ չեն բացահայտվում:

Փորձագետները համարո՞ւմ են, որ դա պետական կառավարման կադրերի ընտրության նորմալ համակարգի բացակայության արդյունք է: Չէ՞ որ ամեն ինչ հենված է ազգակցական կապերի, խնամիության և բացահայտ կոռուպցիայի վրա: Անգամ ուսուցչի հաստիքը դպրոցում արժե 2 հազարից 5 հազար դոլար՝ կախված դպրոցի տեղից՝ չխոսելով արդեն դեպի ռեսուրսները մուտք ունեցող պետծառայողների մասին:
Ամեն բան էլ լինում է, բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ պետական համակարգում աշխատել ցանկացող պրոֆեսիոնալներն այնքան էլ շատ չեն, իսկ աշխատանքը բարդ է. Օրինակ, պետծառայողը տարեկան մեկ անգամ, եթե հաջողվի, կմեկնի արտասահմանյան գործուղման, ինչ-որ բան կսովորի, սակայն մյուս կողմից նա չի հանդիսանում հանրության սիրելին, աշխատանքի դիմաց էլ առանձնապես չի պարգևատրվում: Այսպիսով պետկառավարման համակարգում մնում են այն կադրերը, որոնք սովորել են աշխատելու ներկայիս ոճին, կամ էլ այնպիսիները, որոնց համար այն հետաքրքիր է, այնպիսիներ էլ կան, որոնք կարողանում են հասնել հետաքրքիր արդյունքների: Հետևաբար, երևի հարկավոր է մտածել, որ այդ համակարգում ծառայի ազգի էլիտան, քանի որ, այնուամենայնիվ, պետությունն է առաջադրում զարգացման ուղղվածոթյունը: 

Հայաստանի պետծառայության համակարգում իրավիճակը նման է խորհրդային ԳՀԻ-ներին, երբ բաժնում երկուսն աշխատում էին, իսկ մնացածը սրճում:
Բայց սրճելիս էլ են առաջ գալիս օգտակար մտքեր... Իհարկե, մեկն աշխատում է ավելի շատ, մյուսն ավելի քիչ, և այս ամենը տեղի է ունենում հսկողության թույլ համակարգի հետևանքով: Այդ նույն պատճառներով նախարարություններում հաճախ ընդունվում են փաստաթղթեր, որոնք չպետք է հաստատվեն, քանի որ դրանց իրականացումը կարող է բերել պետության կողմից մշակված քաղաքականության փլուզման, իսկ այդ մասին ոչ մեկը չգիտե: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այստեղ կարգուկանոն հաստատել, որպեսի հակասություններ չլինեն գոնե, օրինակ, օրենքների և տվյալ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի միջև: Այդ մեխանիզմը Հաաստանում գործում է խափանումներով: Մյուս կողմից, պետական մարմինների աշխատանքի նկատամբ հսկողության համակարգն այսօր ավելի կատարյալ է, քան 15 տարի առաջ, քանի որ պետհամակարգում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային կապուղիներով, էլեկտրոնային ստորագրությունների կիրառումով:

Այստեղ պետք է խոսվի նաև պարզապես անպետք կարգավորումների վերացման մասին: Օրինակ, ինչի՞ համար են Հայաստանում շնորհվում գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճաններ, այն ժամանակ, երբ գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև Բոլոնիայի գործընթացի երկրներում, որի անդամն է նաև Հայաստանը, համաձայն կրթության Միջազգային ստանդարտ որակավորման (PhD) շնորհվում է միայն դոկտորի կոչում: Վստահ եմ, երբ Կենտրոնը առաջարկի թողնել միայն գիտական մեկ կոչում, մեծ աղմուկ կբարձրանա, որը, սակայն, երկրի ապագայի համար որոշիչ նշանակություն չի ունենա: Վրաստանն այս հարցում գիտությունների դոկտոր է ճանաչել գիտությունների ինչպես դոկտորներին, այնպես էլ թեկնածուներին, իսկ Ադդրբեջանը թողել է միայն դոկտորական կոչումը:

Հավանաբար դժվա՞ր է այդ ամենն առաջ տանելը:
Մեր բախտը բերել է, քանի որ այս կամ այն խնդիրների իրականացման ուղղությամբ մենք ընդամենն առաջարկություններ ենք անում, իսկ դրանց կիրառման պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները