e-guillotine

Կբարելավվի էլեկտրական էներգիայի օգտագործողների վիճակը

2013.01.24
ՀՀ կառավարությունը 2012թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել նաև «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 358 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ իր աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ներկայացրած առաջարկներին:

Հիշյալ առաջարկների՝ ՀԾԿ հանձնաժողովի կողմից ընդունման դեպքում միանշանակ կբարելավվի էլեկտրական էներգիայի օգտագործող, ինչպես նաև օգտագործման համար դիմող անձանց վիճակը, կընդլայնվեն նրանց իրավունքները: Հիշյալ հիմնարկը մասնավորապես՝ առաջարկել է առևտրային հաշվառքի սարքի փոխարինման համար նախատեսված 10 սպասարկման օրվա ժամկետը փոխարինել 5 սպասարկման օրով, կանոններում սահմանել դրույթ, ըստ որի, միացման դիմող անձը պարտավոր չէ մատակարարին ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ որևէ այլ տեղեկատվություն` բացառությամբ միացման դիմումում նշված տեղեկատվության և կից փաստաթղթերի:

Բացի վերոնշյալից, առաջարկվում է սահմանել նոր դրույթ, որի համաձայն` սպառողը միացման աշխատանքները կարող է պատվիրել նման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող ցանկացած կազմակերպության: Միաժամանակ սահմանվել է, որ այս գործառույթի իրականացման կարգը սահմանում է հիշյալ հանձնաժողովը:

Առաջարկվում է նաև նշված կանոններում կատարել փոփոխություններ և կրճատել միացումների համար նախատեսված ժամկետները: Մասնավորապես` 0,22 կՎ լարմամբ միացման բոլոր դեպքերի (բացառությամբ` պարզեցված դեպքերի) համար նախատեսված 25 աշխատանքային օրը փոխարինել 20 աշխատանքային օրով` միացման պայմանագրի կնքման ժամկետի համար և մատակարարման պայմանագրի առաջարկը ներկայացնելու համար:

Մեկ այլ դրույթով առաջարկվում է 0,4 կՎ լարմամբ միացման բոլոր դեպքերի (բացառությամբ` պարզեցված դեպքերի) համար նախատեսված 45 օրը փոխարինել 40 օրով` միացման պայմանագրի կնքման ժամկետի համար, և 40 օրը փոխարինել 30 օրով` մատակարարման պայմանագրի առաջարկը ներկայացնելու համար: Այս ամենը, իհարկե, դրական է, սակայն օրենսդրական բարեփոխումների առաջարկների ընդունումը և գործնականում դրանց կիրառումը, ցավոք, դեռ ուշանում է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները