e-guillotine

Բարեփոխումների առաջին փաթեթը՝ Ազգային ժողովում

2013.02.06
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»,  «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում:

Համաձայն փաթեթի` պարզ լիցենզիա ստացող անձանց համար այլ պետական մարմինների տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինը ինքն է տեղեկացնում այլ պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:

Հանվել է նաև լիցենզիայի կրկնօրինակի ստանալու  համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձը առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանել ինտերնետ և ձայնային ծառայությունների մատուցումը (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություն), ինչպես նաև ՀԾԿՀ կողմից ներկայացվելիք ժամանակացույցի համաձայն ցանցի կառուցման/շահագործման գործունեությունը մինչև 2015 թվականը: Մինչ այդ տեղի կունենա, կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:

Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:

Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև թույտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման և այլն):

Հստակեցվել է լիցենզիայի և թույտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ և չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների և մերժման հիմքերի մասով հստակեցվել է պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքների այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրման կարգերը (ՀԾԿՀ որոշումները):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները