e-guillotine

Պահանջում են խնամված բեղ-մորուք, իսկ դեղին համարանիշները հանում են

2013.02.16
Հայաստանում տաքսի-ծառայությունների համար Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ գիլյոտինը, նոր չափանիշներ է սահմանում: Ճիշտ է, կենտրոնի օրենսդրական նախաձեռնությունը դեռ վերջնական հաստատված չէ, այն պետք է Ազգային ժողովով ու կառավարության նիստով անցնի, բայց շատ ուշագրավ փոփոխություններ են առաջարկվում:

Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ պահանջվում է՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդները կոկիկ հագնված լինեն, սափրված կամ խնամված բեղ-մորուքով: Իսկ թե ինչպես են տեսուչները որոշելու, թե տվյալ վարորդի մորուքն ու բեղը խնամված է կամ «թրաշի» թույլատրելի չափը չի անցել՝ օրենքում առաջարկվող փոփոխության մեջ ոչինչ գրված չէ: Այսինքն՝ վարորդի համար իր երկար մորուքը գուցե համարվի խնամված, իսկ տեսուչի համար՝ փնթի ու կեղտոտ: Այս էթիկայի կանոնները սահմանելու է տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ գրված է կենտրոնի առաջարկած օրենսդրական փոփոխության փաստաթղթի մեջ: Այս նույն օրենքում առաջարկվող փոփոխություններից է նաեւ այն, որ տաքսու դռների բացումը, ապակիների իջեցումն ու երաժշտության միացումը պետք է ուղեւորի եւ վարորդի փոխհամաձայնությամբ լինեն:

Հարկ է նշել, որ այս պահանջները եթե մինչեւ այսօր էլ օրենքի ուժ չունեին, այնուամենայնիվ՝ դժվար թե որեւէ վարորդ ուղեւորի ցանկությանը հակառակ մեքենայի ապակիներն իջեցներ կամ բարձրացներ: Ամեն դեպքում օրենքն ընդունելուց հետո, փաստորեն, ուղեւորը կարող է դատի տալ այն վարորդին, որն առանց իր համաձայնության ապակի կիջեցնի կամ երաժշտություն կմիացնի:

«Տաքսիներում ծխելն արգելվում է»՝ առաջարկվող փոփոխություններից է. սա ծխողներին գուցեեւ անհանգստացնի, բայց եթե այս կետը չխախտվի, ապա գոնե մեքենաներից ծխի տհաճ հոտ ուղեւորը չի զգա:

Առաջարկվող փոփոխություններից թերեւս կարեւորներից մեկն այն է, որ դեղին պետհամարանիշները փոխարինվելու են դյուրակպչուն կտրոններով, այսինքն՝ տաքսիների լիցենզավորման կարգում այս փոփոխությամբ այլեւս հարկ չի լինի ճանապարհային ոստիկանությունում հերթ կանգնել եւ ստանալ դեղին համարն ու վճարել 17 հազար դրամ: Իսկ տաքսի վարելու, այսպես ասած՝ թույլտվության կտրոնը լիցենզիայի հետ տրամադրելու է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, կտրոնն անվճար է:

Դեղին պետհամարանիշներից կտրոններին անցումն այնքան էլ արդեն դեղին համարով աշխատող «տաքսիստների» ու «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության անդամների սրտով չէ: Հ/կ-ի ղեկավար Գեւորգ Դոստուրյանն «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ այդ կտրոնները հնարավոր է՝ կեղծվեն լիցենզիա չստացած վարորդների կողմից եւ տաքսու անվան տակ աշխատեն. «Դրանք կկեղծվեն, ինչպես այսօր կեղծվում են տեխզննման կտրոնները, նորից գալու է հին «գռդոն» վիճակը: Եվ զարմանալի է, որ այս առաջարկը արվում է այն պարագայում, երբ ոլորտի 75%-ն արդեն դեղին համարներով է:  Միջազգային պրակտիկայից նշեմ, որ այդ կտրոններն արդյունք չեն տալիս, շատ երկրներում, բացի դեղին համարներից, ամբողջ մեքենան են դեղին ներկում»:

Ճիշտ է, կենտրոնն առաջարկում է, որ տաքսիները հատուկ նշաններ ունենան, բայց այսօր էլ կա նման պահանջ, եւ շատ տաքսիներ բավարարվում են միայն մեքենայի վրա տեղադրվող լուսարձակող «Տաքսի» նշանով: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի իրավաբան Գեղամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում վստահեցերց, որ դեղին համարներից կտրոններին անցումը տաքսիների՝ սահմանը հատելու խնդիրն է լուծում նաեւ, քանի որ, ըստ իրավաբանի, դեղին համարներով, օրինակ՝ Իրանի սահմանն անցնել չէր  թույլատրվում. «Դեղին համարն էլ կարող էր կեղծվել: Այս առաջարկը միայն մեզանից չէ, հարցումների արդյունքում պարզել ենք, որ հիմնական խնդիրը հենց դեղին համարանիշն է եղել»:

Կենտրոնի նախաձեռած փոփոխություններով տաքսու վարորդների ամենօրյա բուժզննումն ու մեքենայի տեխզննման պարտադիր պահանջը վերացվում է: «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի ղեկավարի դիտարկամամբ՝ «Դա կխախտի սպառողների՝ ուղեւորների իրավունքները, բացի այս, ապահովագրական ընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տաքսիների ապահովագրման սակագները: Այդ բուժ եւ տեխզննման ամենօրյա ռեժիմը կարելի է ընդամենը փոխարինել ամենամսյա ռեժիմով, որը պատշաճ վերահսկողության դեպքում շատ հեշտ կարելի է ապահովել»: Իսկ կենտրոնի իրավաբանի դիտարկմամբ էլ՝ «Այդ պահանջներն ավելի ծախս են բիզնեսի համար, իսկ անհատ վարորդներն էլ, պատկերացնում եք՝ ամեն օր գնան պոլիկլինիկա ստուգվեն, թուղթ վերցնեն կամ տեխզննում անեն. ավելորդ է դա»: Նկատենք, որ դժվար թե այսօր մենք որեւէ տաքսի նստելուց առաջ վարորդից պահանջենք փաստաթուղթ, որ այդ օրը նա իր, ասենք՝ ճնշումը չափել է, կամ մեքենան սարքին է: Հասարակական կազմակերպության ղեկավարը նամակով նաեւ դիմել է ՀՀ վարչապետին ու նախագահին եւ նշել. «Լիցենզավորված տաքսիստները այս տարիների ընթացքում համբերությամբ սպասել են, որ կամաց-կամաց մնացածն էլ կբերվի օրինական դաշտ, իսկ դրա փոխարեն հիմա առաջ է քաշվում մի նախագիծ, որը ոչ թե մի քայլ առաջ է, այլ երկու քայլ ետ՝ դեպի «գռդոն» տաքսի»: 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները