e-guillotine

Մենք կտրում ենք վատ գլուխները

2013.02.22
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որը հայտնի է նաև «Օրենսդրական գիլյոտին» պայմանական անունով,  ստեղծվել է 2011թ., կառավարության որոշմամբ: Կենտրոնի նպատակն է պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը և թեթևացնել բիզնեսի եւ քաղաքացու բեռը: Հայաստանում այսօր գործում է կարգավորում պարունակող 26 000 իրավական ակտ: Գործունեության համար նախատեսված երկու տարիների ընթացքում կենտրոնը նախատեսում է կրճատել կարգավորումների նվազագույնը 30%-ը եւ պարզեցնել 20%-30%-ը: ParliamentMonitoring.am-ի  զրուցակիցը «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Եղիազարյանն է:

-Իր գործունեությունը կենտրոնը սկսեց հանրային ծառայությունների ոլորտից. ինչո՞ւ:  

-Մեր ղեկավարները մեզ խնդրեցին, մենք էլ այդ ոլորտներից սկսեցինք: Մի ոլորտից պիտի սկսեինք, չէ՞: Մեզ պետք էր փորձ հավաքել, դրա համար էլ սկզբում ընտրեցինք այնպիսի ոլորտներ, որոնք մեր կարծիքով համեմատաբար հեշտ էին, թեթև: Աշխարհի շատ երկրներում իրականացվող նմանատիպ պրոյեկտներից սա միակն է, որը գործունեությունը սկսել է առանց տեխնիկական օգնության: Մենք 7 ամիս աշխատեցինք, հետո միջազգային խորհրդականները եկան: 

-Ի՞նչ է նշանակում կարգավորել օրենսդրական դաշտը, ի՞նչ է հաջորդում օրենքում կատարված փոփոխությանը:

-Նախ հասկանանք կարգավորում ասվածը: Դա նախ և առաջ վերաբերում է պետության և  բիզնեսի, պետության և բնակչության հարաբերություններին: Կարգավորումների մեջ մտնում է լիցենզիայի թույլտվությունը, հարկերի վճարումը, մաքսային ռեժիմին անցնելը, մեր մանդատը չի տարածվում միայն բանակի վրա: Ընդհանրապես օրենսդրությունը որոշակի բեռ է դնում բիզնեսի և բնակչության վրա` ժամանակ, փող, սահմանափակումներ: Մենք աշխատում ենք այստեղ պարզեցումներ անել, և ինչը կարծում ենք ավելորդ է, պետք չէ, վերացնում ենք: 

-Կոնկրետ ո՞ր ոլորտների կարգավորմամբ եք մինչև այսօր զբաղվել:  

-Օրինակ, ԱԺ վերջին քառօրյայում քննարկված էլեկտրոնային հեղահաղորդակցության մասին օրենքը: Այս ոլորտում 3 տիպի լիցենզիա էր տրվում, թողնում ենք 2-ը, հետո դա է կկրճատվի: Արդյուքնում, հեշտանալու է մուտքը շուկա, բարձրանալու է ծառայությունների որակը, կէժանանա գինը: Էներգետիկայի ոլորտում էլ ենք աշխատանքներ կատարել:

-Ձեր կենտրոնի գործունեությունը նշանակում է, որ գործող օրենսդրությունը մեծածավալ փոփոխությունների կարի՞ք ունի:

-Այո, այդպես է, որովհետև շահերի բախում կա, տարբեր պետական մարմիններ ուզում են ավելի շատ կարգավորման լծակներ ունենալ, ուզում են, որ իրենցից ավելի շատ բան կախված լինի: Ինչո՞ւ եք լիցենզիա ուզում այս գործունեության համար, ինչո՞ւ եք այս հիվանդությունները համարում վճարովի, իսկ սրանք` ոչ. երբ այս հարցերի պատասխանները հնչում են, զգում ենք, որ ինչ-որ բաներ պետք է վերափոխել:

-Օրենսդիր մարմինը ինչպե՞ս է վերաբերվում Ձեր կենտրոնի գործունեությունը. չէ՞ որ կենտրոնը, ըստ էության, խմբագրում է օրենսդրի կատարածը:

-Մենք առայժմ միայն երկու փաթեթ ենք ներկայացրել ԱԺ, և որևէ քննադատական ելույթ չեմ լսել, որևէ խնդիր չի եղել: Բացի սա, չմոռանանք, որ օրենքների 90 տոկոսը հենց կառավարությունն է բերում, այսինքն, մենք գործ ունենք ոչ միայն ԱԺ-ի հեղինակած օրենքների, այլև հիմնականում կառավարության նախագծերի հետ: Ես ընդհանրապես կողմ եմ, որ ավելի պարզ մեխանիզմներ լինեն: Արդեն 7 ամիս, կա Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը, որը փորձում է այդ պարզեցումները կատարել:

-Կարող եք ասել, թե մեր օրենսդրության քանի՞ տոկոսը կամ ո՞ր ոլորտները կարգավորման կարիք ունեն:

-Որևէ թիվ, տոկոս չեմ նշի, բայց բոլոր ոլորտներով էլ զբաղվում ենք: Որևէ ոլորտի գերակայություն չկա, ուղղակի կա հերթականություն: Մենք պլանավորում ենք մեր գործունեությունը, կառավարությունը հաստատում է մեր պլանը: Նախապես որոշված էր, որ կենտրոնը կգործի 2 տարի, բայց ամենայն հավանականությամբ գործունեության ժամկետը ևս 2 տարով կերկարացվի:

-Ինչո՞ւ, որովհետև պարզվեց, որ դաշտը շատ թերի՞ է: 

-Իսկ ինչն է անթերի: Շատ երկրներում է այսպիսի մարմին գործում: Դա անում են, որովհետև կարծում են, որ ժամանակ առ ժամանակ օրենսդրական դաշտը պետք է մաքրվի: Սա վատ բան չէ:

-Բայց պայմանական անվանումը` «գիլյոտին», լավատեսություն չի ներշնչում:

-Որովհետև կտրում ենք, բայց նայած՝ ինչ ենք կտրում: Գիլյոտինը գլուխ է կտրում, բայց պատահում են, չէ, նաև վատ գլուխներ, որոնք պետք է կտրել: Մենք, այ, այդ վատն ենք կտրում:

-Դժգոհություններ չկա՞ն:

-Իհարկե, կան: Դժգոհ են մարդիկ, ովքեր կորցնում են որոշակի ազդեցություն: Այդպես եղավ, օրինակ, տաքսիներին լիցենզիա տալու հարցի հետ կապված. փաստաթղթերը պակասեցին, բայց ավելացավ թիվը այն մարդկանց, ովքեր ազդեցության ինչ-որ լծակներ կորցրեցին: Նորմալ է:

-Առաջիկայում ո՞ր ոլորտներին պիտի անդրադառնաք:

-Տրանսպորտի ոլորտին, բեռնափոխադրման մասին օրենսդրական ակտեր կան,արտոնագրերի հարցին պիտի անդրադառնանք:

-Դուք  նաև օրենսդիրում աշխատելու փորձ ունեք, եղել եք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը. ի՞նչ եք կարծում` այսօր է օրենք գրելը հե՞շտ, թե՞ 90-ականներին: 

-Իհարկե, հիմա: Այսօր ռեսուրսները ավելի շատ են, փորձագիտական լուրջ աշխատանք է տարվում, գործընթացը ավելի կանոնակարգված է:

-Բայց օրենքների ճնշող մեծամասնությունը կառավարությունն է բերում. սա նորմա՞լ է:

-Ամբողջ աշխարհում է այդպես: Նույնիսկ խորհրդարանական երկրներ կան, օրինակ Մեծ Բրիտանիան, որ պատգամավորները բյուջեում փոփոխություն կատարելու իրավունք չունեն:

-Մեզ մոտ էլ դա ավելի շատ ձևական բնույթ է կրում, որովհետև ընդունվում են հիմնականում իշխանությունը ներկայացնող պատգամավորների առաջարկությունները, ընդդիմության առաջարկությունները գրեթե չեն ընդունվում:  

-Բայց եթե քաղաքական առաջարկություն է, ինչու ընդունեն. չնայած կարելի է խելամիտ առաջարկություններն ընդունել ու հաճույք պատճառել ընդդիմությանը: Չմոռանանք, սակայն, որ սա իշխող կուսակցության կառավարությունն է, ու բոլոր երկրներում է որոշողը իշխող կուսակցությունը: Բացի դա, այնպես չէ, էլի, թե օպոզիցիան այս երկիրը ավելի շատ է սիրում:

-Տարիների ընթացքում Ձեր քաղաքական հայացքները փոխվե՞լ են:

-Ես քաղաքական հայացք չունեմ ընդհանրապես, ես քաղաքական մարդ չեմ, մասնագետ եմ: Ես աշխատում եմ այս երկրի համար, աշխատում եմ ներկայիս նախագահի կառավարությունում, կառավարությունը Հանրապետականինն է, և Հանրապետականն է այսօր որոշումներ ընդունողը. ճիշտ թե սխալ` ժամանակը ցույց կտա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները