e-guillotine

Հանրային խորհրդում քննարկվել է տաքսի ծառայությունների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

2013.03.06
0101
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը:

Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կենտրոնի իրավաբան Գեղամ Գևորգյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Ավետիսյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ֆինանսների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամներ, տաքսի ծառայության սեփականատերեր և վարորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրենսդրական նախաձեռնության շրջանակներում քննարկվող հարցերը վերաբերել են ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման և տեխզննման գործառույթները վերացնելուն, տաքսիների հաշվիչների սակագների տարբերակված կիրառմանը, վարորդների չնորմավորված աշխատաժամանակին և վճարմանը, ինչպես նաև անհատ ձեռներեց վարորդների կարգավիճակը ֆիզիկական անձի կարգավիճակով փոխարինելուն:

Արմեն Եղիազարյանի խոսքով` իրենց կողմից կատարված ամենակարևոր քայլերից մեկն այն է, որ 1 մեքենա վարելու իրավունքը կվերապահվի ֆիզիկական անձանց` առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց: Մեկ մեքենայից ավել ունեցողները կշարունակեն մնալ անհատ ձեռներեցի կարգավիճակում: Եթե վարորդը համապատասխան տուրքը վճարում է, նրան անվճար տրվում է ինքնակպչուն կտրոնը, որն էլ հիմք է տալիս Տրանսպորտի և կապի նախարարությանը` վերահսկել տվյալ ավտոմեքենան` որպես տաքսի ծառայություն իրականացնող ավտոմեքենա: 

Սակայն վարորդները մտավախություն ունեն, որ անհատ ձեռներեցից ֆիզիկական անձի կարգավիճակի անցումը ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների կհանգեցնի:

Դեղին պետհամարանիշները վերացնելու առաջարկը եղել է Ճանապարհային ոստիկանությանը: Արթուր Տոնոյանը հավաստիացնում է, որ այդ փոփոխությունը միայն վարորդի շահերից է բխում. «Անվտանգ երթևեկելու առումով դեղին համարանիշը որևէ առավելություն չունի, փոխարենը դուք ազատվում եք լրացուցիչ գումարներ վճարելուց և երկու պետական մարմնի դուռ ընկնելուց` գործարքը կատարելով 1 օրում` նախկին 5-7 օրվա փոխարեն»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դեմ է դեղին համարանիշերը հանելուն: Նրա խոսքով` քաղաքացին այսօր օրինական տաքսին տարբերում է դեղին համարանիշի միջոցով, իսկ այդ փոփոխության դեպքում կարող է չտարբերել: Մտավախություններից մեկն էլ այն է, որ այդ կտրոնը հեշտությամբ կարելի է կեղծել: 

Ինչո՞ւ է հանվել տեխզննման և բուժզնման պահանջը: Ըստ կենտրոնի տնօրենի` գործնականում չկիրառվելու հետևանքով:

Բուժզնման պահանջը հանելուն դեմ արտահայտվեց Առողջապահության փոխնախարարը: Նա գտնում է, որ վարորդներն ամեն օր պետք է բուժզննում անցնեն: Որպես պարզագույն օրինակ` նա նշել է օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունները` ընդգծելով, որ հիվանդ վարորդը կարող է դառնալ հիվանդությունների տարածման աղբյուր:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկն առաջարկել է այլընտրանքային տարբերակ, ինչն այսօր կիրառվում է իրենց ընկերությունում. տաքսի ծառայության աշխատակազմում ներառել մեկ բժիշկ կամ բուժքույր, սակայն բուժզննումն անցկացնել ոչ թե պարտադիր ամեն օր, այլ միայն այն դեպքում, երբ վարորդը որևէ գանգատ ունենա:

Բուռն քննարկման առարկա է դարձել նաև վարորդների չնորմավորված աշխատանքի խնդիրը: Աշխատանքի պետական տեսչության պետ Վարազդատ Դանիելյանի խոսքով` իրենց տեսչությունը նույնպես կողմ է պարտադիր բժշկական զննությանը, որն, ըստ նրա, ամրագրված է աշխատանքային օրենսդրությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ 92 տաքսի ընկերություններում իրենց տեսչության կողմից արձանագրվել է 920 չձևակերպված աշխատող, 51 միլիոն չձևակերպված աշխատավարձ, որն, ըստ նրա, արտաժամյա աշխատանքի հետևանք է: «Գործատուները ձևական աշխատավարձ են սահմանում վարորդների համար, իսկ վարորդներն աշխատում են ամենաքիչը 12 ժամ` առանց հանգստյան օրերի»,- նշել է նա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն, ամփոփելով քննարկումը, հայտնել է, որ խնդիրներն ու առաջարկները կքննարկվեն նաև ՀՀ վարչապետի, ինչպես նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` չբացառելով, որ հարցը Հանրային խորհրդում ևս մեկ անգամ կքննարկվի:

Նշենք նաև, որ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունն առայժմ որոշում չի կայացրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները