e-guillotine

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան համագործակցում են՝ հարկային ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով

2013.03.13
Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որով պատրաստակամություն հայտնեցին համատեղ աշխատանքներ իրականացնել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի, հարկային, ինչպես նաեւ փոխադարձ համաձայնեցված այլ ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:

Կառույցները համատեղ կքննարկեն ուսումնասիրվող ոլորտում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ եւ այլ միջոցառումներ՝ վեր հանելու օրենսդրության մեջ առկա կամ գործնականում առաջացող խնդրահարույց հարցերը եւ բարեփոխման առաջարկություններ կներկայացնեն:

«Օրենսդրության կարգավորման ազգային կոնտրոնի  նպատակն է էականորեն թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացու վրա ընկնող կարգավարումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով նրանց գործառնական ծախսերը, ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Մենք այժմ ուսումնասիրություններ պետք է սկսենք հարկային օրենսդրության դաշտում: Սա այն ոլորտներից է, որտեղ ամենամեծ խնդիրներն են առաջանում գործարարների համար: Մենք պետք է պարզեցնենք այս օրենսդրությունը, կրճատենք ծախսերը: Այս ոլորտը պետք է ավելի քիչ ժամանակ եւ գումար խլի բիզնեսից եւ քաղաքացիներից: Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան մեզ այս հարցում կարող է մեծ աջակցություն ցույց տալ: 

Ինչ վերաբերում է մեր գործունեության ընթացքում պետական տարբեր կառույցների կողմից առաջացող դիմադրությանը, մեր աշխատանքն այնպիսին է, որ շահերի բախում միշտ էլ առաջանում է: Այդ իմաստով դիմադրություն կա, կլինի եւ դեռ կավելանա, սակայն կարեւորը, որ փորձենք առավել լայն զանգվածների շահերը պաշտպանել»:

«Մենք եւս կարեւոր ենք համարում այն աշխատանքը, որ նախաձեռնել է ՀՀ կառավարությունը եւ իրականացնում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Մեր կազմակերպությունը 15 տարիների մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող կառույց է՝ մի քանի հարյուր անդամներով, ովքեր հաճախ են առնչվում հարկային բազմաթիվ գործառնությունների հետ: Հաշվապահների եւ աուդիտորների դիտողականությունն օգնում է տեսնելու եւ վեր հանելու այստեղ առկա խնդիրները: Այդ նպատակով էլ որոշեցինք միավորել երկու կառույցների ջանքերը՝ առավել բարձր արդյունավետության հասնելու համար: Իսկ համագործակցության ձեւը բխում է նպատակից: Մեր կառույցը եւս հանրային ուղղվածության աշխատանք է տանում: Հաշվապահների եւ աուդիտորների նպատակն է տալ կազմակերպությունների վիճակի, հնարավորությունների առավել ամբողջական պատկերը: Եթե դրա համար անհրաժեշտ է լինում գործ ունենալ բազմաթիվ օրենսդրական ակտերի հետ, ապա դրանց պարզեցումն ու հստակեցումը՝ ինչ անում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, հնարավորություն կտա դրան հասնել առավել կարճ ժամանակահատվածում՝ խնայելով ե՛ւ միջոցներ, ե՛ւ ժամանակ: Անշուշտ, նման համագործակցությունը բոլորիս շահերից է բխում եւ ծառայելու է ընդհանուր գործին», ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի Խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը:

Հաշվապահների միջազգային դաշնության անդամ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) առաքելությունն է խրախուսել Հայաստանում գործող կազմակերպությունների ֆինանսական տեղեկատվության վստահելիությունը օգտագործողների, այդ թվում նաեւ ներդրողների աչքում: Իր առաքելությունն իրագործելու նպատակով ՀՀԱԱ-ն ձգտում է  կատարելագործել Հայաստանում գործող հաշվապահների եւ աուդիտորների մասնագիտական կարողությունները` որակավորման, շարունակական կրթության, համապարփակ մասնագիտական օժանդակության եւ որակի հսկողության, ինչպես նաեւ հաշվապահության եւ աուդիտի պատվիրատուների հետ  մշտական փոխադարձ կապի միջոցով: ՀՀԱԱ-ն կարեւորում է նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման եւ կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքը` իր գործուն մասնակցությունը բերելով այդ հարցում:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագիրը, որով սահմանված 17 ոլորտներում (ձեռներեցություն, ֆինանսներ, հարկային, մաքսային, առողջապահություն, տրանսպորտ, կապ, կրթություն եւ այլն) վերացվելու են գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավվելու են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, կրճատվելու են այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերը եւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմները: Ծրագրի արդյունքում շուրջ 50 տոկոսով կնվազի բիզնեսի եւ քաղաքացու ուսերին ընկնող՝ կարգավորումներով պայմանավորված ֆինանսական բեռը, կկրճատվի կարգավորում պարունակող իրավական ակտերի նվազագունը 30 տոկոսը, մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները