e-guillotine

Առաջարկ. Տաքսի ծառայություններին այլեւս պետք չեն լինի դեղի համարանիշներ, վարորդների ամենօրյա բուժզննում եւ մեքենաների ամենօրյա տեխզննում

2013.03.14
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն այսօր կազմակերպել էր մամլո ասուլիս՝ «Օրենսդրական բարեփոխումներ տրանսպորտի ոլորտում» թեմայով, որտեղ մասնավորապես ներկայացվեցին մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպմանը, դեղին համարանիշներին, վարորդների ամենօրյա բուժզննմանը, տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննմանը, հավաքակայանի պահանջին, ֆիզիկական անձանց կողմից 1 մարդատար-տաքսի ավտոմոբիլով գործունեություն իրականացնելուն վերաբերող բարեփոխումների առաջարկները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ համաձայն կառույցի գործառույթների՝ կենտրոնը էականորեն թեթեւացնում է բիզնեսի եւ քաղաքացու ուսերին ընկնող կարգավորումների բեռը՝ նվազեցնելով նրանց գործառնական ծախսերը:

«Որեւէ փոփոխություն կատարելիս փորձում ենք հասկանալ, թե դրանից ով է շահելու եւ ով՝ տուժելու: Մենք վերացնում ենք վարորդների ամենօրյա բժշկական զննության, տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննության եւ հավաքակայան ունենալու պահանջները: Դրանով էականորեն թեթեւացնում ենք բիզնեսի վրա ընկնող ֆինանսական բեռը, քանի որ այդ պահանջների կատարումը գործնականում ձեւական բնույթ է կրում, եւ ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները, բիզնեսը 1 մեքենայի հաշվով ստիպված է լինում ծախսել ամսական մոտ 10.000-15.000 դրամ: Այս պահանջների վերացմամբ շահում է բիզնեսը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել նաեւ, որ գործում են կազմակերպություններ, որոնք ապահովում են այս պահանջների ձեւական կողմը: Վերոհիշյալ պահանջների վերացմամբ այլեւս «միջնորդ» կազմակերպությունների կողմից մատուցվող այդ ծառայությունների անհրաժեշտությունը, բնականաբար, կվերանա»:

Ինչ վերաբերում է մարդատար-տաքսի ավտոմոբիլների համար պահանջվող դեղին հիմնագույնի համարանիշների փոխարինմանը ինքնակպչուն կտրոններով հարցին, ապա անհրաժեշտ է նշել, որ դրա արդյունքում բիզնեսը խնայում է 17.000 դրամ (12.000 դրամ՝ համարանիշի հատկացման պետական տուրք, 5.000 դրամ՝ հաշվառման գործողության համար վճար): Այստեղ էականորեն կրճատվում է նաեւ վարչարարությունը, քանի որ դեղին հիմնագույնի համարանիշներ տրամադրելու համար անձը ստիպված է դիմել 2 պետական մարմինների եւ ծախսել 7-10 օր ժամանակ:

Կենտրոնի գլխավոր իրավաբան Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց, որ ինքնակպչուն կտրոնները տրամադրվելու են բացառապես անվճար: Դեղին համարանիշը հանձնելու, նախկին սպիտակ համարանիշը հետ ստանալու եւ ինքնակպչուն կտրոնը ձեռք բերելու համար որեւէ լրացուցիչ բեռ բիզնեսը չի կրելու: Պարզապես սակաչափիչի հերթական ստուգաչափումից հետո Տրանսպորտի եւ կապի նախարարություն համապատասխան տվյալները ներկայացնելիս այս գործառույթը միաժամանակ իրականացվելու է:

Կենտրոնը նաեւ առաջարկություն է ներկայացնում շուկա մուտք գործող անձանց վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով ֆիզիկական անձանց առանց Ա/Ձ հաշվառվելու 1 մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում իրականացնել: Սա հնարավորություն կտա վերջիններիս գործունեություն իրականացնել՝ 1 պետական տուրք վճարելով եւ առանց հարկային մարմնի հետ առնչություն ունենալու:

«Դեղին համարանիշների պահանջը ներդրվել է մոտ 6 տարի առաջ, երբ դաշտը նոր էր սկսում կանոնակարգվել, եւ գործող բիզնեսներին օրինական դաշտ բերելու խնդիր կար: Այսօր վիճակն էականորեն բարելավվել է, եւ համապատասխան հսկողությունը Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կարող է իրականացվել նաեւ ինքնակպչուն կտրոնների միջոցով», պարզաբանեց Արմեն Եղիազարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները