e-guillotine

Գործունեություն

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

2014.10.02
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի իրավաբան Լիլիթ Գուլքանյանը հարկային ոլորտում կենտրոնի մշակած բարեփոխումների այն առաջարկները, որոնք վերաբերում են արտոնագրային վճարներին:

Մասնավորապես, կենտրոնի առաջարկով գործող արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար այսօր գործող պետական հարկի փոխարեն սահմանել տեղական արտոնագրային հարկ:

Առաջարկվում է նաեւ ձեռնարկատիրական արտոնագիրը վճարողի ցանկությամբ այսուհետ տրամադրել նաեւ մեկից հինգ տարի ժամկետներով՝ ի լրումն ներկայումս գործող՝ տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար արտոնագրի ձեռքբերման տարբերակի, եւ համապատասխանաբար զեղչային համակարգ կիրառել: Միաժամանակ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի կամ արտոնագրային վճարի չափն ավելանա: 

Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: Հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթն առաջիկայում կներկայացվի կառավարություն:

Բարելավվում են աշխատանքային իրավահարաբերությունների, բնապահպանության եւ բնօգտագործման ոլորտներին վերաբերող օրենսդրական կարգավորումները

2014.06.23
Կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցում էին նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի, ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի, Արժույթի միջազագային հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ԵՄ Թվինինգ ծրագրի ներկայացուցիչները:

«Մեր գործունեության նպատակն է կրճատել, պարզեցնել բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին ընկնող կարգավորումների բեռը: Մեր առաջարկները մենք քննարկում ենք շահագրգիռ կառույցների, բիզնեսի հետ, ապա ներկայացնում Բարեփոխումների խորհրդի նիստին», – ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա ներկայացրեց կենտրոնի՝ աշխատանքային իրավահարաբերություններին եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներին վերաբերող բարեփոխումների առաջարկները:

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձեւով, աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առաջարկվել է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը, իսկ աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով:

Մեկ այլ առաջարկով հանվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը, ինչը թղթատարություն եւ դրա հետ կապված ծախսեր է կրճատում: Ծախսեր է կրճատվում նաեւ՝ վերացնելով գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը ցուցատախտակների վրա փակցնելու եւ 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը:

Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության արժանացան նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտոնի ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են բնապահպանության եւ բնօգտագործման ոլորտներին: Մասնավորապես, բնապահպանական եւ բնօգտագործման վճար վճարողներն իրենց հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն կստանան: Հաշվետվությունները ներկայացնելու համար կներդրվի նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքը:

Առաջակություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Տանզանիայի եւ Չինաստանի փորձը:

Բարեփոխումների խորհրդի մասին
ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ ֆինանսների նախարարը: ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին
ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել եւ պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկը: Կենտրոնի հետ համագործակցում են նաեւ Արժույթի միջազագային հիմնադրամը եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:

Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները

2014.03.21
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից: 

Առաջարկվել է նաև աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու և կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը, ինչպես նաև կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր և ժամկետներ: 

Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: 

Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից և համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով: 

Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձը:

Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները

2014.02.04
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Մասնավորապես, առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, օղու ներմուծման և թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները փոխարինել լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու պահանջով: Մեկ այլ առաջարկով կրճատվել են երկակի նշանակության ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրվող թույլտվությունների ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը: Առաջարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ: 

Ներկայացրել է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը, համաձայն որի «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ» նախադասությունը փոխարինվել է «արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ, ինչը նշանակում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի տևողությունը կսահմանափակվի 14 րոպեով: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկել է նաև հստակեցնել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ սահմանել գնահատման չափանիշները, հստակեցնել ժամկետները, մրցույթի հայտի ձևը: 

Առաջարկությունները ներկայացնելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններով ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը նվազում են 1 մլդ դրամով: