e-guillotine

Գործունեություն

Բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստ

2012.04.06
2012 թվականի ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծված Բարեփոխումների խորհրդի նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:

«Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք և կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաեւ գործող պրակտիկայի փոփոխություններով», - ասաց ՀՀ վարչապետը:

Նիստի ժամանակ որոշվեցին  ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի (այսուհետ՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն) ուսումնասիրության ենթակա առաջին երեք ոլորտները՝
հանրային ծառայություններ,
առողջապահություն՝ այդ թվում դեղերի գրանցում,
տրանսպորտ:

Բարեփոխումների խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման, պարզեցման մասին առաջարկությունները եւ նպատակահարմարության դեպքում սահմանված կարգով ընթացք կտա դրանց: Օրենսդրության կարգավորման ազգային կենրտոնի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում բարեփոխումների խորհուրդն իր կանոնադրության համաձայն որոշում կընդունի դրանց ընթացք տալու նպատակահարմարության վերաբերյալ:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցեց կենտրոնի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ: Նիստում ներկայացվեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի 2012 թ. աշխատանքային ծրագիրը:

Խորհուրդը հաստատեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի 2012 թ. ծախսերի նախահաշիվը, ինչպես նաեւ խորհրդի անդամների, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի աշխատակազմի և միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերական աշխատանքային քննարկումների ձևաչափը: