e-guillotine

Գործունեություն

Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

2013.05.13
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
 
Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:

Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:

Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:

Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը:

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

2013.03.19
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսի կողմից Բարեփոխումների խորհրդի նախորդ նիստին ներկայացված առաջարկությունները՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջինիս հետ քննարկել և մշակել է ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտինի անցումային ծրագիրն ու իրավական ակտերի գույքագրման ստուգաթերթը, որոնք հաստատվել են խորհրդի կողմից: Ներկայացվել է նաև իրավական ակտերի վերանայման ստուգաթերթը, որը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկումներից հետո կներկայացվի խորհրդի հաստատմանը: 

Ստուգաթերթերի կիրառմամբ այսուհետ յուրաքանչյուր ոլորտում գիլյոտինի իրականացման ընթացքում տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմիններն ու բիզնեսի ներկայացուցիչներն առավել մեծ ներդրում կունենան իրավական ակտերի գույքագրման և վերանայման գործընթացում, այնուհետ՝ բոլոր կողմերի առաջարկությունների հիման վրա Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնը կձևավորի բարեփոխումների փաթեթը:

Կներդրվի նաև օրենսդրական ակտերի եւ բիզնես գործընթացների ամբողջական շտեմարան «Էլեկտրոնային գիլյոտին» համակարգը: Այն նախ օրենսդրական ակտերի էլեկտրոնային հարուստ բազա կլինի, երկրորդ՝ մեծապես կնպաստի պետության հետ բիզնեսի և քաղաքացիների փոխհարաբերությունների թափանցիկությանը:

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

2013.03.06
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: 

Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսը: 

Ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. «Այսուհետ մեր նիստերին մասնակցելու են նաև մեր դոնոր գործընկերները: Մեր աշխատանքները պետք է դարձնենք առավել թափանցիկ և դոնորները՝ որպես շահագրգիռ կողմ, պետք է մշտապես ներգրավված լինեն այդ աշխատանքներին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծում և ինչպիսի քայլերով ենք առաջ գնում»: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կարգավորիչ գիլյոտինը մեր երկրում առաջին հերթին կիրառվում է այն ոլորտներում, որոնք մեծապես կապված են փոքր և միջին բիզնեսի հետ: 

Սքոթ Յակոբսն իր հերթին նշել է, որ գիլյոտինի կիրառումը ենթադրում է լուրջ բարեփոխումներ, որի նպատակն է բարելավել երկրի մակրոտնտեսական միջավայրը՝ բիզնես գործունեության և ներդրումների համար: Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր բնագավառներում բարեփոխումները հիմնարար կերպով առաջ տանելու և դրանց նոր ուժ հաղորդելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող գիլյոտին ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:

Բարելավվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները

2013.02.12
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի առաջարկությունների փաթեթը:

Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման ոլորտում:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առաջարկություններ են ներկայացվել նաև փրկարար ծառայողների, զինծառայողների, զինծառայողներին հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման վերաբերյալ:

Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ: