e-guillotine

Սոցիալական հարցերի ոլորտ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 

Առաջարկվել է Հայաստանում բնակվող օրենքով հաշվառված աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող անձանց դիմումը և պահանջվող փաստաթղթերը փոխանցել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ սոցիալական ծառայության մարմինների միջոցով: Գործող օրենսդրությունը չուներ այդ կարգավորումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովելու մասին» թիվ 665-Ն որոշում

Առաջարկվել է՝ աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանցով պահանջվող տեղեկատվության (ներառյալ՝ արխիվային տեղեկանքը) ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա:
Սահմանվել է կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի իրավունքը,   վճարումը վերականգնելու, կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը:
Գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր կենսաթոշակ նշանակող մարմին ինքն է որոշում դիմումի կազմն ու բովանդակությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 670-Ն որոշում

Առաջարկվել է կենսաթոշակառուի՝ որպես սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անձի, թոշակավորման գործընթացը հեշտացնելու և հստակեցնելու նպատակով իրավական ակտում նկարագրել բանկում նրանից պահանջվող բիզնես գործընթացը: Գործող օրենսդրությամբ չեն կարգավորում կենսաթոշակառուի և բանկի միջև հարաբերությունները, դիմումի ձևը, պահանջվող փաստաթղթերը, մերժման հիմքերը և, դրանց արդյունքում՝ բանկին տրված դիմումը՝ կենսաթոշակ նշանակող մարմին ներկայացնելու համար:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք 

Առաջարկվում է.
1. աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցնել սույն օրենքի նախագծի  ընդունումից հետո` աշխատանքի ընդունվողների մասով: 
2. աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով, իսկ դրանց արժանահավատությունը ստուգեն դիմողի՝ տեղեկատվության ստույգության վերաբերյալ հայտարարություն պահանջելով:

Առաջարկությունը բխում է այն փաստից, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձևով:

Առաջարկվում է կրճատել կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուին պարտադրվող ՀՀ զբաղվածության պետական ծառայություն և աշխատողների ներկայացուցչին ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) 2 ամիս առաջ ներկայացնելու ժամկետը՝ 2 շաբաթ ժամկետի:

Առաջարկվում է հանել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման պարտադիր պահանջը: 
Գործող օրենսդրությամբ գործատուների համար պարտադիր է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելը: Դրա խախտման դեպքում գործատուները ենթարկվում են վարչակական պատասխանատվության:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը հանդիսանում է գործատուի գործառույթները իրականացնելու ներքին գործիք և աշխատողների իրավունքների պաշտպանության գործում որևէ երաշխիքներ չի ապահովում, դրանց գործածության, նաև ձևի, վարման, պահպանման կամ եղանակի պարտադրությունը անիմաստ  է դառնում, մանավանդ, որ տեղեկագիրը վարվում է միայն աշխատանքային հարաբերության մեջ գտնվող երկու կողմերից մեկի՝ գործատուի  կողմից:
Առաջարկվում է սահմանել, որ կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել առնվազն իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 1 շաբաթ առաջ՝ 2 ամսվա փոխարեն:
Առաջարկվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը հանել և դարձնել աշխատողի պահանջով՝ թղթատարությունը և դրանց ծախսերի կրճատելու նպատակով:
«ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու (ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի «Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 876-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 1471-Ն որոշում) եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է սահմանել, որ գործատուն, իրավական ակտերի ուժի մեջ մտնելու օրվանից, ապահովում է դրանց հրապարակումը՝ աշխատողների համար հասանելի իրազեկման միջոցներով՝ բացառելով գործող օրենսդրությամբ պահանջվող առնվազն ցուցատախտակների վրա դրանք փակցնելու և 5 աշխատանքային օր պահպանելու պահանջը:

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել երեխայի խնամքի նպաստի տրամադրման դադարեցման հիմք համարվող երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու փաստը:

«ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է փոփոխություն կատարել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու չափանիշներում՝
Անձնական ավտոմեքենայի առկայության և դրա՝ տեխնիկական զննում անցնելու փաստը չհամարել նպաստի համակարգում չընգրկելու համար բավարար հիմք, այլ թողնել Սոցիալական աջակցության խորհրդի որոշմանը:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը չհամարել նպաստի համակարգում չընգրկելու համար բավարար հիմք, այլ պահանջել տեղեկատվություն տվյալ գործունեությունից ստացված եկամտի վերաբերյալ և ներառել այն ընտանիքի միջին ամսեկան եկամտի հաշվարկում:

Առաջարկվում է  սահմանել, որ դիմողի ընտանիքում հաշմանդամի, գործազուրկի, կենսաթոշակառուի կամ անհատ ձեռնարկատիրոջ առկայության մասին, ինչպես նաև այլ պետական մարմիններից ներկայացվող տեղեկատվությունը սոցիալական ծառայություններ մատուցող մարմինը ճշտի համապատասխան մարմնին հարցում կատարելու միջոցով՝ բազմաթիվ տեղեկանքներ պահանջելու փոխարեն:

Առաջարկվում է փոխարինել համայնքի անասնաբույժի  կողմից քաղաքացուն տրամադրված տեղեկանքի փոխարեն պահանջել հայտարարագրի ներկայացում և ստուգել ներկայացված տեղեկատվության իսկությունը տնային այցելության ժամանակ: Տնային այցելությունների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում առաջարկվում է ավտոմատ զրկել դիմողին նպաստի իրավունքից:

«ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 275-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի, եթե նա չի խուսափել իր երեխաներից որևէ մեկի խնամքից և (կամ) չի զրկվել ծնողական իրավունքներից` անկախ երեխաների արտասահմանում կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու, պարտադիր զինծառայության մեջ կամ ազատազրկման վայրում գտնվելու կամ ՀՀ-ում փաստացի չգտնվելու փաստից: