e-guillotine

Հարկային ոլորտ

«Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները 

Առաջարկվում է սահմանել նոր դրույթ, որի պահանջով սահմանվելու է հարկ վճարողների կողմից հողի հարկի և գույքահարկի  ծանուցագրերի ստացման, դիտարկման և անհրաժեշտության դեպքում բողոքարկման ժամկետները:

Առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, համաձայն որի տեղական ինքնակառավարման մարմինները հաշվարկեն  կազմակերպությունների հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները:

Առաջարկվում է ֆիզ. անձ հարկ վճարողների համար հարկային հաշվետու տարի սահմանել օրացուցային տարին:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների կողմից հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորության պարբերականությունը կրճատել՝ եռամսյակայինի փոխարեն դարձնելով տարեկան:

Առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողներն հնարավորություն տալ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: 

Առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողներին ընձեռել հնարավորություն տարեկան հաշվարկ-հաշվետությունները ներկայացնել միայն հարկային մարմին:

Առաջարկվում է ռոյալթի վճարողներից այլևս չպահանջել հաջորդ տարում իրականացվելիք՝ արտադրանքի մատակարարումներին վերաբերող պայմանագրերի պատճենները:

Առաջարկվում է վճարների ուշացման դեպքում տույժը հաշվարկել 0.15 տոկոսի չափով:

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է հանել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն) տարեկան 2 անգամ, իսկ  գործունեության որոշ տեսակների դեպքում՝ յուրաքանչյուր ամիս  ներկայացնելու պահանջը, իսկ  Հայտարարությունը ներկայացնել միայն գործունեությունը սկսելուց առաջ և փոփոխությունների դեպքում: 

Առաջարկվում է հնարավորություն ստեղծել Հայտարարությունը, գործունեության դադարեցման և վերսկսման դիմումները, տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել նաև Էլեկտրոնային եղանակով: 

Առաջարկվում է բացառապես հաստատագրված վճարող հարկվող գործունեության իրականացման դեպքում շահութահարկի հաշվարկ չներկայացնել: 

Միկրոավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների քանակից: Այս մոտեցումը առաջարկվում է ամրագրել նաև ավտոբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում:

Առաջարկվում է հաստատագրված վճարի վճարման ժամկետ սահմանել մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, գործող՝ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ի փոխարեն:

«ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է հանել այլ պետություններում գրանցված թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված 10,000 դրամ վճարը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ իր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն, ավտոմեքենա և այլն) օտարումը չհարկել ԱԱՀ-ով:

Առաջարկվում է հանել առևտրային զեղչերի կիրառության օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ վերադաս հարկային մարմնի կող-մից սահմանված ձևի հայտարարություն ներկայացնելու պահանջը:
Առաջարկվում է հաշվանցել մարդատար ավոտմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը բոլոր այն դեպքերում, երբ դրանք արտադրական նպատակով են օգտագործվում:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է սահմանել, որ  ՀԴՄ-ի յուրաքանչյուր մոդելի հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հսկիչ-դրամարկղային մեքենաները դրոշմակնքելու պահանջը:

«ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ-ների և դրանց ծրագրային ապահովման հավաստագրման, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ընտրության նպատակով մրցույթ կազմակերպելու «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի լիազորությունները:

«ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու մասին» N 846-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է սահմանել այլ անձանցից/կազմակերպություններից ձեռքբերված ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու ընթացակարգ, քանի որ որոշմամբ սահմանված է միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից ՀԴՄ-ներ ձեռքբերելու/գրանցելու ընթացակարգ:

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանությունն ու պարգևավճարների տրամադրումը:

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքից առանձնացնել Հավելված 1-ով սահմանված գործունեության  տեսակներին վերաբերող մասերը և դրանց վերաբերյալ  ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենք, իսկ Հավելված 7-ով սահմանված գործունեության տեսակների համար «Արտոնագրային վճարների մասին» օրենքը շարադրել նոր խմբագրությամբ:

Պարզեցնել  Օրենքի շարադրանքը, մասնավորապես գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով կազմել  առանձին գլուխներ և հայտարարությունների ձևեր, ինչպես նաև հստակեցնել Օրենքում օգտագործվող հասկացությունները:
Ձեռնարկատիրական արտոնագիրը վճարողի ցանկությամբ տրամադրել նաև մեկից-հինգ տարի ժամկետներով (ի լրումն ներկայումս գործող տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար Արտոնագրի ձեռքբերման տարբերակի)՝ համապատասխանաբար զեղչային համակարգի կիրառմամբ: Միաժամանակ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա:
Արտոնագրային վճարներ վճարողների համար հնարավորություն ստեղծել արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացնել Էլեկտրոնային եղանակով և նույն եղանակով հարկային մարմնից ստանալ Արտոնագիրը:

Բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար հանել շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը

«Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենք

Առաջարկվում է սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, որի հարկման օբյեկտ են հանդիսանալու «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ով սահմանված գործունեության տեսակները (գործունեության տեսակների ցանկը չի փոխվել):

Առաջարկվում է սահմանել, որ «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են ձեռքբերել Ձեռնարկատիրական արտոնագիր:

Սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք:

Առաջարկվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց համար հանել  պետական հաշվառման պահանջը:

Առաջարկվում է հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա: