e-guillotine

Քաղաքաշինության ոլորտ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առաջարկվում է քաղաքաշինության բնագավառում որոշակի գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիաների կարգերը ուժը կորցրած ճանաչել՝ փոխարենը ներդնելով գործունեություն իրականացնելու համար նախնական ծանուցում ներկայացնելու ընթացակարգերը: Համապատասխան նախագծերով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.
1. էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը (կազմակերպությունում ներգրավված մասնագետի  մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև անձնագրի պատճենները, կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը, պետական տուրքի վճարման անդորրագիրը)
2. գործունեության մեջ ներգրավված մասնագետների համար սահմանել մասնագիտական հստակ պահանջներ՝ հիմնվելով ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի վրա.
3. հանել համապատասխան գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող մասնագետների որակավորման պահանջները և դրանց ստուգման ընթացակարգը, քանի որ վերջինս չի համապատասխանում գործող օրենսդրությանը և գործնականում չի կիրառվում: Դրա փոխարեն որպես մասնագետի որակավորում ընդունել վերջինիս կողմից ստացած բարձրագույն կրթության որակավորումը.
4. սահմանել ծանուցման ձև, որը հնարավորություն կտա համապատասխան գործունեության մասին լիազոր մարմնին ծանուցել միայն անձի տվյալները լրացնելու միջոցով. 
5. ծանուցում ներկայացրած անձանց հաշվառումն իրականացնել ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման և պետական գրանցման համարի, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անվան, ազգանվան և պետական հաշվառման համարի (նույնիսկ եթե ծանուցման մեջ առկա են այլ տվյալների անհամապատասխանություններ).
6. սահմանել ծանուցում ներկայացրած անձի հաշվառման մերժումը միայն ծանուցվող գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքը չվճարելու հիմքով: Մնացած բոլոր դեպքերում պետական լիազոր մարմինը պարտավոր է ծանուցում ներկայացրած անձին հաշվառել:   
7. սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիազոր մարմնում հաշվառման կարգ: Հաշվառման արդյունքում կստեղծվի էլեկտրոնային բազա քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ, որը համապարփակ տեղեկատվություն կպարունակի իրավաբանական անձի անվանման կամ անհատ ձեռնարկատիրոջ անվան և ազգանվան, գործունեության իրականացման վայրի, հեռախոսահամարի, պետական գրանցման կամ հաշվառման  վկայականի համարի, համապատասխան գործունեություն  իրականացնել սկսելու  ժամկետների վերաբերյալ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Առաջարկվում է գոտևորման հատակագծերում (կամ գոտիավորման նախագծերում) ներառել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սահմանափակումները, չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են ճարտարապետաշինարարական գործունեության համար։

Առաջարկվում է գոտևորման հատակագծերը վերածել հասարակության համար հասանելի և հասկանալի իրավական փաստաթղթերի։

Առաջարկվում է կիրառությունից հանել ճարտարապետահատակգծային առաջադրանք փաստաթուղթը, դրա գործառույթները վերապահելով գոտիավորման հատակագծերին։

Առաջարկվում է հանել շինարարության թույլտվությունը, որպես գործառույթ (թույլատվական համակարգ), փոխարենը սահմանել, որ համապատասխան նախագծերի համաձայնեցումը ՏԻՄ-ի հետ համարվելու է շինարարական թույլտվություն:

Առաջարկվում է սահմանել, որ փաստացի շինարարություն իրականացնելիս կառուցապատողը պետք է տեղեկացնի թե ՏԻՄ-ին և թե քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմնին: